Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը այսօր բերվել էր դատարան:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր պետք է քններ Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցը:
Մինչև այդ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին: Քանի որ ըստ պաշտպանական կողմի՝ այս քրեական գործը մակագրվել է դատարանի նախագահի կողմից՝ ձեռքով, ըստ այդմ՝ չի պահպանվել օբյեկտիվությունը։
Պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը, սակայն, մերժվել է:
Հովսեփյանի կալանավորման հիմնավորվածության հարցը կքննվի վաղը:
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան, հիշեցնենք, մեղադրվում է 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախությամբ 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:
Նա կալանավորված է սեպտեմբերի 7-ից:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան