Եվրահանձնաժողովն առաջարկել է խստացնել ԵՄ-ի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով և նավթային էմբարգո կիրառել՝ գրում է BBC-ն։
«Մենք առաջարկում ենք վեց ամսից հրաժարվել ռուսական նավթից, իսկ նավթամթերքից՝ մինչև այս տարվա վերջ»,- Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ներկայացնելով պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։
Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ սահմանել է պատմության մեջ ամենախոշոր պատժամիջոցները, որի նպատակն է Ռուսաստանը տասնամյակներով հետ մղել և կանխել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ամենամեծ ռազմական գործողությունների ֆինանսավորումը:
Ըստ Արևմուտքի՝ եվրոպական նավթային էմբարգոն ծայրահեղ միջոց է, որը նախագահ Պուտինին կպարտադրի խաղաղության։ Նավթի և գազի ոլորտը Ռուսաստանին տալիս է բյուջեի եկամուտների մոտ կեսը և արտահանման կեսից ավելին։ Մոսկվան միայն Եվրոպային վաճառում է գազի 70%-ը և նավթի ու նավթամթերքի 60%-ը: Պատերազմի երկուսուկես ամիսների ընթացքում ԵՄ-ն Ռուսաստանին վճարել է ավելի քան 20 միլիարդ եվրո նավթի և ավելի քան 30 միլիարդ եվրո՝ գազի համար։
Ֆոն դեր Լայենը հայտնել է, որ բացի վեցերորդ փաթեթից՝ նախատեսվում են այլ պատժամիջոցներ՝ SWIFT-ից ռուսական խոշորագույն Сбербанк-ի անջատումը, ռուսական երեք հեռուստաալիքների հեռարձակման արգելքը և պատժամիջոցների ցուցակների ընդլայնումը։
Հնարավոր է, որ ԵՄ-ն պահպանի նոր փաթեթի կիրառումը մինչև պատերազմի հաջորդ սրումը, որը որոշ փորձագետներ ակնկալում են մայիսի 9-ին: