ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր ընդունել է Ճապոնիայի ԱԳ նախարարի խորհրդարանական տեղակալ Տարո Հոնդայի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման սկզբում կողմերը շնորհավորանքներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ՝ նշելով տարելիցի կարևորությունը երկկողմ օրակարգն առավել զարգացնելու համար։
Մնացական Սաֆարյանը կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների հետագա զարգացումն ու ամրապնդումը, տնտեսական համագործակցության ակտիվացումը՝ արժևորելով Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանում իրականացվող պաշտոնական օգնության ծրագրերը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող բացահայտ ոտնձգությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ վերջին զարգացումները, և վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը։
Տարո Հոնդան նշել է, որ իր այցը նպատակ ունի ակտիվացնելու հայ-ճապոնական երկխոսությունը և գոհունակություն հայտնել «Օսակա 2025» միջազգային ցուցահանդեսին ՀՀ մասնակցության հաստատման վերաբերյալ։
Նա վերահաստատել է Ճապոնիայի դիրքորոշումն առ այն, որ ԼՂ հիմնահարցը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով՝ կարևորելով կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում հայ-ճապոնական համագործակցությանը, կարևորվել են հետագա մշակութային փոխանակումները, համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։