Կարևորում եմ երկու ժողովուրդների ավանդական ջերմ բարեկամությունը և բարձր եմ գնահատում հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունների ներկա մակարդակը՝ ընդգծել է ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Հանդիպմանը մասնակցել են բարեկամական խմբի անդամներ Էդուարդ Աղաջանյանը, Բաբկեն Թունյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արթուր Դավթյանը, Լիլիթ Մինասյանն ու Արմեն Խաչատրյանը:
Բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ նշելով, որ խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները թեպետ սահմանափակ են, սակայն հաճախ պաշտոնական դիվանագիտությունից ավելի ճկուն են, կարող են առաջ մղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող շահերն ու խնդիրները:
Վլադիմիր Վարդանյանը բարեկամական խմբի անունից երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Սենատին 44-օրյա պատերազմի ընթացքում աջակցության և Արցախի ճանաչումը պահանջող բանաձևի ընդունման համար: Խոսելով մեր երկրի արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից՝ բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի` Ֆրանսիայի դերակատարությունը: Նա բարձրացրել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և գերեվարված այլ անձանց հայրենադարձման խնդիրը՝ ակնկալելով այս հարցում ֆրանսիացի գործընկերների աջակցությունը:
Միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման առումով կարևորվել է երկկողմ դիրքորոշումների ներդաշնակեցումը: Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ տնտեսական համագործակցության մակարդակը զիջում է քաղաքականին, և կարևորել հատկապես Հայաստանի ու Ֆրանսիայի համայնքների և մարզերի միջև կապերի աշխուժացումը: Բարեկամական խմբի ղեկավարն առանձնահատուկ նշել է երկու ժողովուրդների մշակութային ընդհանրություններն ու համատեղ ծրագրերը:
Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նույնպես անհրաժեշտ է համարել հայ-ֆրանսիական փոխգործակցության առավել ակտիվացումը` այս հարցում ընդգծելով միջխորհրդարանական կապերն ու հատկապես բարեկամական խմբերի դերը: Առանձնահատուկ է համարվել այն դերակատարությունը, որն ունի ֆրանսահայ համայնքը երկկողմ բարեկամության ամրապնդման գործում: Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է 2021 թ. նոյեմբերին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի` Ֆրանսիա այցի ընթացքում վերաստորագրված Ֆրանսիայի Սենատի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության համաձայնագրի կարևորությունը:
Բարեկամական խմբի անդամները մանրամասներ են ներկայացրել տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման վերաբերյալ, անդրադարձել միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ փոխգործակցությանը:
Կարևորվել է Արցախի խնդրի կարգավորումը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատումը: Տնտեսական կապերի աշխուժացման համատեքստում նշվել է, որ մեր երկրում ֆրանսիական կապիտալով բազմաթիվ ընկերություններ են գործում, և պետք է քայլեր ձեռնարկվեն այդ ոլորտում հարաբերությունները սերտացնելու ուղղությամբ: