Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը մեր երկրում դեռ ամբողջությամբ լուծված չէ, սակայն վիճակագրությունը փաստում է, որ այդ ուղղությամբ դրական միտումներ նկատվում են:
Աիդա Սարգսյան (ՀՀ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության բաժնի գլխավոր մասնագետ) - Ներկա պահին Հայաստանում ուրախալի փաստ ունենք, որ գրեթե չկա առաջին երեխայի դեպքում սելեկտիվ ընդհատում, հիմնականում դա արդեն երկրորդ և երրորդ երեխաների դեպքում է լինում:
Նորածինների սեռերի բնականոն հարաբերակցությունը, ըստ ԱՀԿ-ի՝ պետք է լինի՝ 100 աղջիկ և 104-106 տղա: Մեր երկրում ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2000 թվականին՝ 100 աղջկա դիմաց 120 տղա, դրականն այն է, որ այդ թիվը հետագայում նվազել է՝ 2010-ին՝ 100 աղջիկ, 114 տղա, 2021-ին՝ 100 աղջիկ, 108.6 տղա:
Առողջապահության նախարարությունից նշում են՝ այս ցուցանիշներին նպաստել են պետության ու միջազգային կառույցների իրականացրած միջոցառումները, որոնք միտված են աղջկա փոխարեն նախապատվությունը տղա երեխաներին տալու կարծրատիպերը կոտրելուն, նախաաբորտային խորհրդատվության հարցում բժիշկների հոգեբանական հմտությունների բարելավմանը:
Աիդա Սարգսյան - Մեր գործողություններն ամենևին չեն փաստում, որ մենք չենք ուզում, որ տղա երեխաներ շատ ծնվեն, այլ հակառակը՝ ուզում ենք իհարկե երեխաները ծնվեն, բայց չենք ուզում դա լինի չծնված աղջիկ երեխաների հաշվին, որովհետև դա հետագայում կբերի լուրջ դեմոգրաֆիկ աղետի:
Մեր օրենսդրության համաձայն՝ կինն իր ցանկությամբ կարող է ընդհատել հղիությունը միայն մինչև պտղի 12 շաբաթականը: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը գործընկեր կառույցների հետ հիմա աշխատում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հերթական հետազոտության վրա: Մշակվում է նաև դասընթացների մոդուլ:
Մարգարիտա Հակոբյան («ՕքսԵՋեն» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Պետք է անցկացվեն դասընթացներ, առողջապահության նախարարության և ազգային ինստիտուտի հետ ենք իրականացնում: Էդ մոդուլի շրջանակներում նաև դասընթացներ կանցկացվեն, որպեսզի կանխվի, ավելի շատ բացատրական աշխատանքներ կատարվեն հա՛մ բնակչության շրջանում, հա՛մ այն կանանց, որոնք վերարտադրողական տարիքի են:
Ոլորտի պատասխանատուները վստահ են՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդրի դեմ պայքարն արդյունավետ կլինի համալիր միջոցառումներով՝ կանանց կարողությունների զարգացմանը զուգահեռ: