Դոլարի կուրսն արդեն 450-457-ի է իջել՝ մարտի վերջերին 530-ի հասած փոխարժեքից։ Պատճառներից մեկը, ըստ Կենտրոնական բանկի, երկրում շրջանառվող մեծ ծավալի փողն է, կատարվող սովորականից շատ ծախսերը, ինչը կապված է Հայաստան եկած հիմնականում ռուսաստանցիների հետ։ Այստեղ նրանք գումաներ են ստանում, ապրում՝ բացատրում է գլխավոր դրամատան մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրենը։
Արմեն Նուրբեկյան (ՀՀ ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն) - էական մասը ռուբլով է գալիս ՀՀ, բայց մեր բանկային համակարգը չի ուզում արժույթի նկատմամբ բաց դիրք պահպանել, հետևաբար, դա ազդում է նաև դրամ-դոլարի վրա, ու նրանք դա փոխարկում են դոլարի:
Ռուս-ուկրաինական պատերազմից սկսած մինչև հիմա՝ իրենց, այսպես ասած, տնտեսական շահի կենտրոնը Հայաստան է տեղափոխել և մեր բանկերում հաշիվներ բացել արդեն 16 հազար մարդ։ Նրանց շնորհիվ, կարելի է ասել, արտահանելի է դարձել մեր նաև սպասարկման ոլորտը՝ հայտարարում է Կենտրոնական բանկի նախագահը։
Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - էդ մարդիկ եթե գնում են մեր հանգստի վայրում, ռեստորաններում ծախսեր են իրականացնում, դա, ենթադրվում ա, որ էքսպորտի աճ ա, ու դա բերել է արտարժույթի աճի:
Գալստյանի ձևակերպմամբ՝ միջազգային այցելուները դեռ որքա՞ն կմնան մեր երկրում և առաջիկայում ի՞նչ վարքագիծ կդրսևորեն՝ նաև դրանից կախված կլինի դոլար-դրամ փոխարժեքը։ Տնտեսագետների տարատեսակ վերլուծությունները, թե կուրսը 1-1,5 ամիս էլ դեռ կիջնի, կնվազի մինչև 420-ի, կամ որ սա հետևանք է ռուսական գազի դիմաց ոչ թե դոլարով, այլ ռուբլով վճարելու, այստեղ միանշանակ չեն համարում։ Ի դեպ, Ռուսաստանի ֆինանսական շուկայում արդեն սահմանափակումների մեղմացում է նկատվում․ լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք սանկցիաների տակ հայտնված ռուսական բանկերում մեր քաղաքացիները կամ բանկերը արգելափակված փողեր ունե՞ն։
Մարտին Գալստյան - Ես ամեն շաբաթ բանկերի հետ հանդիպումներ եմ ունենում, ու էդ հանդիպմանը մտավախություն առ այն, որ ռուսական բանկերում ունենք միջոցներ, որ չենք կարողանում տնօրինել, բարեբախտաբար չեմ լսել:
Որոշակի խնդիրներ մեր բանկերն են ունեցել ռուսաստանցի հաճախորդներին այստեղ սպասարկելու առումով՝ չթաքցրեց Մարտին Գալստյանը։
Մարտին Գալստյան - Եղել են խնդիրներ ռուս գործընկերների հետ հարաբերությունների առումով՝ սանկցիոն և այլն, բայց էս պահին համակարգը բնականոն աշխատում է, եղել են էքսեսներ, այո՛, որովհետև մենք նման իրավիճակի մեջ չենք եղել:
Քանի դեռ ռուսները մեր շուկայում էականորեն բարձրացրել են ծառայությունների ոլորտի աճը, արտասահմանից եկող գնաճային ճնշումներն ու անորոշությունն էլ շարունակվում են, Կենտրոնական բանկի խորհուրդը հերթական նիստում անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Զուգահեռ ամփոփեցին 2021-ի ֆինանսական մի շարք ցուցանիշներ․ բիզնես վարկերի 5 տոկոս անկմանը հակառակ՝ հիփոթեքը մինչև իսկ 36-տոկոսանոց աճ է գրանցել, և հուլիսից սպասվող եկամտահարկի վերադարձի աստիճանական սահմանափակումից անկախ՝ անշարժ գույքի շուկայում, այսպես ասած, տաքացման ռիսկ առաջացրել։
Արմեն Նուրբեկյան - Մենք հետևում ենք ավարտական ակտերին ու շինթույլտվություններին: Այս պահին դեռևս ոչ մի դանդաղում չենք տեսնում, ստեղ պատմական բարձր մակարդակում են մնում ցուցանիշները:
Հիփոթեքի ցուցանիշը աճում է նաև այս տարի․ հունվարից ապրիլ՝ ամեն ամիս 1-ական տոկոսով սկսել է ավելանալ նաև սպառողական և բիզնես վարկերի ծավալը։