ՄԱԿՐՈՆՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑԸ
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Էմանուել Մակրոնին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի և պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։ Նա Էմանուել Մակրոնի ուշադրությունն է հրավիրել ԵՄ անդամ երկրների կողմից Ուկրաինայի անվտանգության ուժերի ռազմական հանցագործությունների անտեսմանը, Դոնբասի քաղաքների և բնակավայրերի զանգվածային գնդակոծություններին, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում։ Նշվել է, որ Արևմուտքը կարող է օգնել կասեցնել այդ ամենը` համապատասխան ազդեցություն գործադրելով Կիևի իշխանությունների վրա, ինչպես նաև դադարեցնելով զենքի մատակարարումը Ուկրաինային։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է բանակցությունների հարցում Կիևի անհետևողականությունը և շեշտել, որ Մոսկվան դեռ բաց է երկխոսության համար։
ՊՈՒՏԻՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՌԴ-Ի ԴԵՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել օտարերկրյա որոշ պետությունների և միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական գործողությունների կապակցությամբ պատասխան տնտեսական միջոցներ սահմանելու մասին: Հրամանագրում ասվում է, որ միջոցները սահմանվում են Ռուսաստանի ազգային շահերի պաշտպանության նպատակով և ի պատասխան ԱՄՆ-ի և նրան միացած պետությունների ոչ բարեկամական գործողությունների: Փաստաթղթի համաձայն՝ պետական իշխանության մարմիններին և ֆիզիկական անձանց արգելվում է գործարքներ կատարել, առևտրային պայմանագրեր կնքել պատժամիջոցների տակ գտնվող անձանց հետ, կատարել պատժամիջոցների տակ գտնվող անձանց նկատմամբ գործարքներով սահմանված պարտավորությունները, իրականացնել ֆինանսական գործառնություններ, որոնցից օգուտ են ստանում պատժամիջոցների տակ գտնվող անձինք։
Արգելվում է նաև Ռուսաստանից այն արտադրանքի և հումքի արտահանումը, որն իրացվում է պատժամիջոցների տակ գտնվող անձանց կողմից կամ մատակարարվում նրանց համար: Պուտինը Ռուսաստանի կառավարությանը հանձնարարել է 10 օրվա ընթացքում հաստատել պատժամիջոցների տակ հայտնված անձանց ցանկը։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԳՈՀ Է ԱԼԲԱՆԻԱՅԻՑ
Եվրամիությունը պետք է նավթի էմբարգո սահմանի Ռուսաստանի դեմ, Ալբանիայի խորհրդարանին ուղղված ելույթում հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին նշել է նաև, որ ռուսական բանկերը պետք է ամբողջությամբ հեռացվեն միջազգային ֆինանսական համակարգից, ռուսական նավերի համար փակել բոլոր նավահանգիստները, իսկ ռուս զբոսաշրջիկների թիվը սահմանափակել:
Հեռավար ելույթի ժամանակ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալբանիայի կառավարությանը ռազմական օգնության, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և ուկրաինացի փախստականների նկատմամբ հոգատարություն ցուցաբերելու համար:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինային 300 միլիոն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին: Ուկրաինայի խորհրդարանականներին ուղղված ելույթում Բորիս Ջոնսոնը նշել է, որ Լոնդոնն ու մյուս դաշնակիցները կշարունակեն աջակցել Ուկրաինային՝ մատակարարելով զենք, ֆինանսական ու մարդասիրական միջոցներ՝ համոզվելու համար, որ «ոչ ոք այլևս երբեք չի համարձակվի հարձակվել Կիևի վրա»:
ԵՎՐՈՊԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այցելել է Հունաստան` ծանոթանալու բնական գազի նոր տերմինալի կառուցման աշխատանքներին: Հունաստանում հեղուկ գազի տերմինալի կառուցման նպատակն է նվազեցնել Եվրոպայի և Բալկաններիի կախվածությունը ռուսական մատակարարումներից: Շառլ Միշելը նշել է, որ համատեղ ուժերով պետք է կառուցել եվրոպական ինքնիշխանությունը:
«Մենք պետք է ձևավորենք մեր նոր էներգետիկ անկախությունը: Ես հավատում եմ, որ մենք տեսնում ենք եվրոպական էներգետիկ անկախության նոր արշալույս»,- նշել է ԵՄ խորհրդի նախագահը: Միշելի խոսքով` նոր տերմինալը Եվրոպան ավելի ուժեղ և անվտանգ կդարձնի:
Իտալիայի վարչապետը Եվրոպային կոչ է արել անհապաղ որոշումներ կայացնել՝ Եվրամիության տարածքում էներգետիկ խնդիրները կարգավորելու ուղղությամբ: Մարիո Դրագին առաջարկել է կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած խնդիրները լուծելուն ուղղված միջոցներն ու սխեմաները վերափոխել ուկրաինական ճգնաժամի հետևանքները և Եվրոպայումն էներգակիրների գները կարգավորելու ուղղությամբ: Իտալիայի վարչապետը նաև խոստացել է, որ առաջիկայում Եվրոպայի խորհրդի ուշադրության կենտրոնում կլինեն հենց այդ հարցերը:
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿԱՋԱԿՑԻ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻՆ ՈՒ ՇՎԵԴԻԱՅԻՆ
Ֆինլանդիան և Շվեդիան կարող են ակնկալել Գերմանիայի աջակցությունը, եթե ձգտում են մուտք գործել ՆԱՏՕ, հայտարարել է Գերմանիայի կանցլերը Ֆինլանդիայի և Շվեդիայի կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ Գերմանիայում ուշադրությամբ հետևում են դաշինքին միանալու քննարկումներին։
Օլաֆ Շոլցը նաև հայտարարել է, որ Գերմանիան, Ուկրաինային սպառազինություն տրամադրելով, շեղվել է իր որդեգրած քաղաքականությունից, քանի որ նախկինում երբեք զենք չի տրամադրել որևէ երկրի:
«Բայց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններից հետո ճիշտ և անհրաժեշտ էր, որ մենք փոխեինք այդ քաղաքականությունը, և լայնամասշտաբ աջակցություն ցուցաբերենք, ինչը մենք կշարունակենք անել»,- նշել է Շոլցը:
Կանցլերը հայտնել է նաև, որ Գերմանիան հատուկ հիմնադրամ է ստեղծելու Բունդեսվերի համար, որպեսզի գերմանական բանակն ավելի հզոր դառնա: