ՈՒԿՐԱԻՆԱՆ ՌԴ-ՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունները չեն տարածվում Ռուսաստանի տարածքի վրա՝ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ բանակը պաշտպանում է իր երկրի հողերը և չի ձգտում զավթել ռուսական տարածքները: Ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ Բելգորոդի, Բրյանսկի և Կուրսկի շրջանների տարածքը Ուկրաինայի կողմից բազմիցս ենթարկվել են ականանետային և հրետանային հարձակումների, իսկ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է մի քանի անօդաչու թռչող սարք։
ԶԵԼԵՆՍԿՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՊԵՏՔ ՉԷ. ՄԵԴՎԵԴԵՎ
Վոլոդիմիր Զելենսկուն խաղաղության պայմանագիր պետք չէ. Ուկրաինայում նրա ռեժիմի համար դա ավարտ կնշանակի՝ հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը: Դմիտրի Մեդվեդևի կարծիքով՝ Զելենսկին կշարունակի Արևմուտքից գումար և զենք խնդրել, ինչպես նաև ուկրաինացիների հանդեպ մտահոգության իմիտացիա դրսևորել՝ ապացուցելով, որ ինքը լիբերալ աշխարհի հույսն է։ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է, որ Զելենսկին շարունակելու է ուկրաինացիներին որպես կենդանի վահան օգտագործել:
ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ՀԱԶԱՐ ՌԱԶՄԱԳԵՐԻ ՌԴ-ՈՒՄ
Ռուսաստանի տարածքում զենքը կամավոր վայր դրած ավելի քան 2 հազար ուկրաինացի ռազմագերի է գտնվում՝ RT-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ քննչական կոմիտեի ղեկավարը: Ալեքսանդր Բաստրիկինի խոսքով` ռազմագերիների թվում են Ուկրաինայի ԶՈՒ բրիգադի հինգ հրամանատար, որոնք կռվել են Դոնբասի բնակչության դեմ: Քննչական կոմիտեի ղեկավարը մանրամասնել է, որ տվյալներ արդեն ունեն ուկրաինական կողմի հետ օտարերկրյա հրահանգիչների հետ աշխատանքի, ինչպես նաև որպես վարձկաններ՝ այլ երկրների քաղաքացիների մասնակցության վերաբերյալ: ՌԴ ՔԿ-ն քրեական գործեր է հարուցել 75 վարձկանի նկատմամբ, որոնք Ուկրաինայի կողմից մասնակցում են մարտական գործողություններին: Հետաքննության տվյալներով՝ նրանք ժամանել են Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Կանադայից, Վրաստանից և այլ երկրներից։
ՌԴ ՊՆ-Ն ՊԵՆՏԱԳՈՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՉԻ ՈՒԶՈՒՄ
Միացյալ Նահանգները չունի փաստեր երրորդ երկրներից Ռուսաստան զենք ուղարկելու կամ նման օգնություն ստանալու՝ Մոսկվայի փորձերի վերաբերյալ՝ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։ «Ռուսաստանը փետրվարի 24-ից առաջ Ուկրաինայի սահմաններին հսկայական ռազմական ուժ էր կենտրոնացրել: Ռուսները նման ուժեր դեռ շատ ունեն»,- ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետաքրքրություն չի հայտնել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների շփում կազմակերպելու վերաբերյալ։ Քիրբին հայտնել է, որ Պենտագոնը շաբաթներ առաջ փորձել է կապ հաստատել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, սական ռուսական կողմը հետաքրքրություն չի ցուցաբերել:
ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՌԴ-Ի ՀԱՄԱՐ
Ավելի շատ ռուսական բանկեր կանջատվեն SWIFT համակարգից՝ հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Քաղաքական գործիչը չի հստակեցրել, թե ինչ ֆինանսական կազմակերպություններ կհայտնվեն նոր սահմանափակումների ներքո։ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն Ռուսաստանի ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, ֆինանսական և էներգետիկ ոլորտի դեմ սահմանել է պատժամիջոցների 5 փաթեթ. հիմա քննարկվում է 6-րդը։ Ֆինանսական պատժամիջոցներն անդրադարձել են ԿԲ պահուստների վրա և հանգեցրել SWIFT համակարգից ռուսական 7 բանկերի անջատման։
ԵՎՍ 370 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Մեծ Բրիտանիան մտադիր Է ևս 370 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր Է տեսակապով հանդես գալ Ուկրաինայի Ռադայի առջև, որի ժամանակ կհայտարարի օգնություն տրամադրելու մասին: Ավելի վաղ Մեծ Բրիտանիան արդեն Ուկրաինային մատակարարել Է 200 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարի 5 հազարից ավելի հակատանկային հրթիռ և հակաօդային պաշտպանության համակարգ:
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը պատրաստակամություն է հայտնել մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու Ուկրաինայում կարգավորման հարցը: «Մենք դեռ պատասխան չենք ստացել և շարունակում ենք պնդել, թեև ես մտավախություն ունեմ, որ Պուտինը չի կարող և չի անցկացնի նման հանդիպումը հիմա»,- հավելել է նա։ Պոնտիֆիկոսը նաև տեղեկացրել է, որ դեռ Կիև չի գնա: «Նախ պետք է գնամ Մոսկվա, նախ պետք է հանդիպեմ Պուտինի հետ»,- ասել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը: