Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից ակցիաներ է իրականացնում Երևանի փողոցներում:
Ընդդիմադիր խմբակները քայլերթով անցնում են փողոցներով, մասնակի փակում երթևեկությունը: Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ հանրապետության տարբեր հատվածներում երթեր ու ցույցեր են անցկացնում:
Ընդդիմադիր խմբերը շրջում են նաև բուհերով՝ ուսանողներին կոչ անելով միանալ իրենց, սակայն Ոստիկանության հայտարարության համաձայն՝ հրատապ և համարժեք գործողությունների շնորհիվ խաչմերուկներն արագ բացվել ու խցանումները վերացվել են:
Այս պահին մայրաքաղաքի փողոցներում կանոնավոր երթևեկությունը վերականգնված է:
Ոստիկանությունը փողոցները բացելիս բերման է ենթարկել 117 քաղաքացու: Բերման ենթարկվածների մեջ է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը:
Ակցիաները որոշ դեպքերում խաղաղ չեն անցնում, քանի որ բախում է լինում ցուցարարների ու ցուցարարների գործողությունները չսատարող քաղաքացիների միջև: