Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ոստիկանության գործողությունները համաչափ գնահատեց՝ անդրադառնալով վերջին օրերին տեղի ունեցող ընդդիմության անհնազանդության ակցիաներին:
«Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, որ մեր մյուս քաղաքացիների իրավունքներն իրենք պահպանում են և թույլ չեն տալիս, որ տեղի ունեցող տարբեր փոքր միջոցառումները խանգարեն մնացած քաղաքացիների իրավունքներին:
Միևնույն ժամանակ այն քաղաքացիները, որոնք իրենց իրավունքն են իրացնում՝ ազատ ցույցեր, երթեր իրականացնելով, նրանց նույնպես հարգանքով եմ վերաբերվում և գտնում եմ, որ նրանց իրավունքները նույնպես պետք է պահպանվեն: Դուք տեսնում եք, թե ոստիկաններն ինչպես են ուղեկցում, նաև ընդդիմադիր գործընկերներն են նշում, որ ոստիկանության աշխատակիցներն օգնում են, աջակցում, երբ որևէ դեպք է տեղի ունենում:
Պետք է հասկանանք, որ քաղաքական գործընթաց է տեղի ունենում, և ոստիկանությունն իր աշխատանքն է իրականացնում»,- ասաց Սիմոնյանը: