Մայիսի 2-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և գոհունակություն հայտնել Հայաստանի և ԱՄՆ միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակի կապակցությամբ:
Ընդգծվել է, որ անցած տարիների ընթացքում կողմերն ամուր գործընկերություն են հաստատել՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների հիման վրա։ Արարատ Միրզոյանը կարևորել է Միացյալ Նահանգների կողմից ժողովրդավարության ամրապնդման, կայուն զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանին տրամադրած աջակցությունը։ Էնթոնի Բլինքենն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և շեշտել է ամերիկյան կողմի շարունակական աջակցությունն այդ գործընթացին։
Երկուստեք ընդգծվել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում համատեղ աշխատանքների վերսկսման նշանակությունը, որի ամփոփիչ նիստն անցկացվելու է մայիսի 3-ին Վաշինգտոնում։
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական կապերի խորացումը և ընդգծել, որ զգալի հնարավորություններ կան նաև բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ֆինանսաբանկային, քաղաքացիական ավիացիայի, կանաչ տնտեսության և այլ ոլորտներում հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման համար։
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ սկզբունքային դիրքորոշումը՝ կարևորելով այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությունը, որը վերահաստատում է մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության սկզբունքներին ԱՄՆ հանձնառությունը։
Կողմերը նաև անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի։
Հայկական կողմը ներկայացրել է հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետության։
Արարատ Միրզոյանն Էնթոնի Բլինքենին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները։
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում կարևորվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները։
Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն լիովին աջակցում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և կարևորում Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը այդ գործընթացում:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը ստորագրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր: