2022 թ. ապրիլի 24-ին Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հնդկաստանի միջազգային կենտրոնում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանություն. Օսմանյան կայսրության մեղքը» (Armenian Genocide: The sin of the Ottoman Empire) գրքի շնորհանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։ Այդ մասին ասված է Հնդկաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Միջոցառման սկզբում ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև ելույթով հանդես եկել Հնդկաստանում ՀՀ դեսպան Յուրի Բաբախանյանը։ Իր ելույթում դեսպանը նշել է, որ ցավալի է փաստել, որ մինչ օրս հայ ժողովուրդը դեռ սպասում է ճշմարտության հաղթանակին և արդարության հաստատմանը, քանի որ ցեղասպանության հանցագործությունը չի կարող վաղեմության ժամկետ ունենալ։
Դեսպանը հավելել է, որ ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը կորցրել է իր պատմական հայրենիքի մեծ մասը և բնակչության մոտ կեսը։ Նա ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը չափազանց կարևոր է Հայաստանի անվտանգության համար, և դրա վառ ապացույցն է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի, Պակիստանի և ահաբեկչական խմբավորումների օժանդակությամբ շարունակել է իր հայասպան գործունեությունը։
Դեսպանը նաև հիշատակել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչվել է «Հիշիր և պահանջիր» կարգախոսով, քանի որ հայ ժողովուրդը պահանջում է Թուրքիայի կառավարությունից ճանաչել ցեղասպանության փաստը և վերացնել դրա հետևանքները։
Դեսպանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել գրքի հեղինակներ Սուման Քեշարիին և Մանե Մկրտչյանին, Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպան Արմեն Մարտիրոսյանին՝ հնդկական իրականության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքի լույսընծայման համար։ Ելույթի ավարտից հետո դեսպան Բաբախանյանը Ս. Քեշարին և Մ. Մկրտչյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալներով։
Գրքի հեղինակ Մ. Մկրտչյանն իր ելույթում շեշտել է, որ դեռևս շատ տարիներ առաջ ծրագրել էր գրել Հայոց ցեղասպանության թեմային նվիրված աշխատություն հինդի լեզվով և իր այդ գաղափարը առաջարկել էր հայտնի ստեղծագործող բանաստեղծ Ս. Քեշարիին, որը մեծ ուրախությամբ համաձայնել էր։ Մ. Մկրտչյանը նաև համառոտ ներկայացրել է իրենց հինգ տարվա գրքի ստեղծագործական գործունեությունը և վերջում ընթերցել գրքում տեղ գտած հայ գրողներ Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի բանաստեղծություններից հատվածներ հնդկերեն թարգմանությամբ:
Իր հերթին գրքի հեղինակ Ս. Քեշարին իր ելույթում նշել է, որ մինչ գրքի ստեղծումը հասցրել էր երկու անգամ այցելել Հայաստան, սիրել այդ երկիրն ու հայ ժողովրդին: Նա հավելել է, որ իր գրքում ներառել է Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ փաստեր, լուսանկարներ, նկարագրություններ:
Այնուհետև ելույթ է ունեցել շնորհանդեսի հիմնական բանախոս գրականագետ, գրաքննադատ Աշոկ Վաջպեյին, որը կարևորել է ցեղասպանությունների դատապարտումը և ոգեկոչման անհրաժեշտությունը։ Նա ամբիոնից կոչ է արել հնդիկ մտավորականությանը՝ միասնաբար դիմելու Հնդկաստանի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջով:
Ելույթներ են ունեցել նաև շնորհանդեսի հատուկ հյուր, պրոֆեսոր Արչնա Ուպադհյայը, գրքի հրատարակիչ Ռաջկամալ Պրակաշան Սամուհ (Rajkamal Prakashan Samuh), հրատարակչական տնօրեն Աշոկ Մահեշվարին:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ դեսպանության անձնակազմը, Հնդկաստանում հավատարմագրված մի շարք դեսպանությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, Դելիի համալսարանների դասախոսներ, ուսանողներ, հնդկահայ համայնքի ներկայացուցիչներ, կրթական, մշակութային գործիչներ և այլք»,- նշված է գրառման մեջ: