Ապրիլի 29-ից մայիսի 1-ը տասներորդ անգամ անցկացվել է ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի բազմակի չեմպիոնուհի և 53 ռեկորդների հեղինակ Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության ավանդական հուշամրցաշարը:
Հուշամրցաշարին մասնակցել են Երևանի, Գյումրիի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցների, հրաձգության հանրապետական մարզադպրոցի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Վանաձորի թիմերը:
Մրցաշարի մասնակիցները, առանց տարիքային սահմանափակման, մրցել են 10 մ (4․5 մմ) հեռավորությունից հետևյալ զինատեսակներից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ։
Զինաիդա Սիմոնյանի անվան հրաձգության հուշամրցաշարի օդամղիչ հրացան, 10 մ, 60 կրակոց տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել Նարեկ Դեմիրխանյանը, իսկ կանանց պայքարում՝ Միլենա Պողոսյանը: Օդամղիչ ատրճանակ, 10 մ, 60 կրակոց մրցաձևում տղամարդկանց պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Բենիկ Խլղաթյանը, իսկ կանանց պայքարում՝ օլիմպիական խաղերի մասնակից Էլմիրա Կարապետյանը: Վազող թիրախ, 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոց մրցաձևում հաղթողներ են ճանաչվել Հովհաննես Մարգարյանն ու Գոհար Հարությունյանը:
Վազող թիրախ, 10 մ, նորմալ վազք, 2 x 20 կրակոց, տղամարդկանց պայքարում էլ 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Հովհաննես Մարգարյանը, իսկ կանանց պայքարում՝ Արուսյակ Գրիգորյանը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները ստացել են դիպլոմներ, մեդալներ և դրամական պարգևներ։ Պարգևատրվել են նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները։
Հանձնաժողովի որոշմամբ՝ մրցման ուժեղագույն մարզիկ է ճանաչվել Հովհաննես Մարգարյանը, որը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանից ստացել է հավաստագիր և դրամական պարգև։
Եվրոպայի 2022 թվականի առաջնությանը մեդալներ նվաճած մարզիկները, ինչպես նաև Էլմիրա Կարապետյանը և նրանց անձնական մարզիչներն արժանացել են նվերների և դրամական պարգևների:
ՀԱՕԿ պատվավոր փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանն էլ օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանի 90-ամյա հուշամեդալ է շնորհել ՀՀՖ նախագահին: