Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու Մոսկվայի որոշումը երկու մասի է բաժանել կապույտ վառելիք գնող երկրներին: «Բլումբերգը» նույնիսկ տեղեկություն է հրապարակել, որ 10 եվրոպական երկիր արդեն հաշիվ է բացել «Գազպրոմբանկում»՝ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու համար, իսկ 4-ն արդեն վճարել են ռուսական արժույթով, սակայն չի բացահայտել, թե որ պետությունների մասին է խոսքը:
Ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելուց պաշտոնապես հրաժարվել են Բուլղարիան, Գերմանիան, Կանադան, Իտալիան, Լեհաստանը, Միացյալ Նահանգները, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Ճապոնիան և Ադրբեջանը, իսկ Հունգարիան կապույտ վառելիք կգնի ռուսական արժույթով: Հայաստանը ևս արդեն մեկ ամիս է` ռուսական գազ ռուսական արժույթով է գնում:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Մենք ունենք մի իրավիճակ, որ սահմանին ներկրված գազի դիմաց վճարումների զգալի մասը իրականացվում է ռուսական ռուբլով, և, կարծում եմ, էդ երևույթը շարունակական կլինի, ծավալները ռուսական ռուբլով վճարումից բացի կմեծանան: Բայց, իհարկե, մեր ցանկությունը և վերջնանպատակն է, որպեսզի գազի դիմաց վճարումը տեղի ունենա դրամով, ՀՀ դրամով` մեր ազգային արժույթով: Դա շատ ավելի դասական, առևտրաշրջանառության համար շատ ավելի դասական իմաստով նոր հնարավորություններ կտա մեր արտահանողներին:
Տնտեսագետների գնահատմամբ՝ այս պահին Հայաստանին ձեռնտու է ռուբլով գազի դիմաց վճարելը, իսկ ազգային արժույթի տարբերակին անցնելու հնարավորությունը չի բացառվում:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Այս պահի դրությամբ նաև աշխատանքներ են տարվում միասնական գնագոյացման մեխանիզմների մշակման շուրջ, որի դեպքում արդեն հնարավոր կլինի իրականացնել ազգային արժույթներով: Ուղղակի դա բավական բարդ ու երկարատև աշխատանք է, քանի որ ազգային արժույթներով գնանշումների պարագայում հետագայում արդեն փոխադարձ հաշվարկների ժամանակ կարող են մի փոքր դժվարություններ առաջանալ: Պետք է ընդհանուր մոտեցումներ լինեն, քանի որ սա կախված է նաև ազգային արժույթների կարգավորման ռեժիմից:
Ռուսաստանն ընդհանուր առմամբ գազ է արտահանում եվրոպական 23 երկիր, որոնցից 21-ը ներառված են երկրի կառավարության կազմած «ոչ բարեկամ» պետությունների ցանկում։
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան