Պատերազմից հետո, երբ շատ հարցեր դեռ լուծված չեն, ակնհայտ է, որ հասարակությունում ձևավորվել է համախմբվածություն. Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ ակնհայտ դարձավ՝ Հայաստանի նոր իշխանությունները հետևողականորեն իրականացնելու են իրենց հռչակած ծրագիրը՝ ապահովել խաղաղություն, երաշխավորել իրենց հայրենիքում հարատև զարգանալու և ապրելու՝ արցախցիների իրավունքները: Պատգամավորն անդրադարձավ ընդդիմության ակցիաներին:
Վիգեն Խաչատրյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Այս ընթացքում իրեն վերջնականապես սպառած ռևանշիստների խումբը, որ 20 և ավելի տարիներ սպասարկել են ավազակախումբ և իրենց ապիկար քաղաքականության հետևանքով մեր երկիրը կանգնեցրին պատերազմի շեմին, հիմա, համոզվելով, որ այլևս ասելիք չունեն, նորից դիմում են իրենց բնորոշ ստին ու կեղծիքին՝ փորձելով հանրության մի հատվածին հանել մյուսի դեմ, փորձելով հրահրել անկայունություն Հայաստանում և, փորձելով ռևանշ վերցնել, ժողովրդական լեզվով ասած՝ մուռ հանել այն ժողովրդից, որը մերժել է իրենց:
Խաչատրյանի խոսքով՝ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ստանում է բազմաթիվ զանգեր ու դիմումներ: Նշեց՝ իրենց հիմնական հենարանը ժողովուրդն է, նաև այն մարդիկ, որոնք, տրվելով կեղծիքին ու ստին, կարծում են, թե, նրա ձևակերպմամբ՝ հայրենանվեր գործ են անում ու գոչում՝ դեմ ենք, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում:
Վիգեն Խաչատրյան - Որպեսզի Արցախը լինի Ադրբեջանի կազմում, 20 տարի իբր պետություն ղեկավարած այդ ոհմակը համակերպվել էր այդ մտքի հետ, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Սուտ է այն պնդումը, թե, իբր, Նիկոլ Փաշինյանը և մենք հայտարարել ենք, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում: Մենք հայտարարել ենք, որ երաշխավորելու ենք Արցախի բոլոր իրավունքների իրականացումը, որից կբխի կարգավիճակ:
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Ժողովրդավարությունն այլընտրանք չունի, թույլ չենք տա զավթել ժողովրդին պատկանող իշխանությունը: Արուսյակ Ջուլհակյանը կոչ արեց Ոստիկանությանը՝ խաղաղ հավաքների և քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքների արդյունավետ հավասարակշռության ապահովմամբ՝ միաժամանակ, անհանդուրժող լինել բռնության, սադրանքների նկատմամբ:
Արուսյակ Ջուլհակյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Շահարկելով Արցախի հարցը՝ ցանկանում են վերազավթել իշխանությունը՝ Արցախը փրկելու փոխարեն, փրկել տարիներ շարունակ թալանածը: Միակ բանը, որ կարող է անել, երկրորդ ճակատ բացելն է, ինչպես անում էին 90-ականներին՝ պատերազմի թեժ օրերին, Երևանի կենտրոնում` իշխանությունների հրաժարականը պահանջելով:
Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց՝ պաշտպանելու են 2018-ին և դրանից հետո բոլոր ձեռքբերումները և կանխելու են ժողովրդավարության նկատմամբ ցանկացած հարձակում:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ընդդիմությունը կրկին փչում է կեղծ իրականության պղպջակը, որի մեջ բարձր ձայնով ու դեմքի վստահությամբ իրենք իրենց խաբել են, թե կարող են ժողովրդին տասնամյակներ կեղեքելուց հետո ստանալ այդ նույն ժողովրդի աջակցությունը: Սա այն նույն պղպջակի նման պղպջակ է, որը մեկ անգամ արդեն պայթեց նոյեմբերի 9-ին հաջորդող ամիսներին, վերջնականապես արդեն՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին, երբ ժողովուրդը շատ դիպուկ օգտագործեց իր վերջին փամփուշտը և կատարեց իր ընտրությունը:
Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ բողոքի ակցիաների ժամանակ ընդդիմության հնչեցրած հայտարարություններին:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Երբ Հայաստանի` ամենաերիտասարդ տարիքում դոլարային միլիոնատեր դարձած, համատեղության կարգով երկրորդ նախագահի որդին իր թիկնապահների, ֆիթնես մարզիչների հետ փողոց է փակում, երբ «Ծովասար» ռեստորանային, հյուրանոցային համալիր տեր, մեկ-մեկ էլ այս աթոռին նստող Իշխան Սաղաթելյանը, գեներալ Արթուր Վանեցյանը, գեներալ Սեյրան Օհանյանը գիշերները նստում, ուսումնասիրում են, հանում են 2018-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր տևած ելույթների տեքստերը, նստում, կարդում, անգիր անում, դուրս գալիս, ասում՝ այս շարժումն անկասելի է, իհարկե` վատ տեմբրով: Երբ երթը երկու ռակուրսից լայվ են տալիս, որ տպավորություն լինի, թե երկու երթ է, երբ 10-15 լրատվական լուսաբանում է ցույցերը, միևնույն է, երբ ասում են՝ վարորդները ազդանշանով ողջունում են, վարորդն ասում է՝ Նիկոլ վարչապետ, էս մարդիկ մնում է՝ անզորությունից քաղաքացիներին, որ վճարում են էս հատվածում էս պահին չգտնվող պատգամավորների աշխատավարձը, ասել, որ էդ քաղաքացիները, որ չեն միանում, «ջհանդամին միանան», ուսանողներին, որ վճարում են աշխատավարձ, ասել` կա՛մ միացեք, կա՛մ թքեք երեսին: Կոչ եմ անում ընդդիմադիր պատգամավորներին՝ ոչ մի պարագայում չմտածել, որ քաղաքացու, ուսանողի հետ խոսելու են երեսին թքելու, ջհանդամն ուղարկելու լեզվով, ու ես սա նուրբ եմ ասում:
Ընդդիմության գործողությունները պառակտում են ժողովրդին,- վստահ է Ռուստամ Բաքոյանը: Ասաց՝ հույս ունեն` կձևավորվի իրական ընդդիմություն, որն ի վիճակի կլինի Հայաստանի պետական շահն առաջ մղելով՝ դրդել օրվա իշխանություններին կատարել ժողովրդի պահանջը, եթե վերջինս դրանից հրաժարվում է: Մինչդեռ, ըստ Բաքոյանի, այսօր հակառակն է՝ ընդդիմությունը փորձում է խոչընդոտել ժողովրդավարության հաստատումը: