Ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ մշտապես հանրային քննարկումները չեն դադարել, և ընդամենը օրեր առաջ Սահմանադրական դատարանն իր որոշումը հրապարակեց, որով սահմանադրական ճանաչեց այս արարքի քրեականացումը: Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Բացարձակապես տեղին չեն այն մտահոգությունները, որ այս արարքը քրեականացվել է կոնկրետ անձանց պաշտպանելու համար: Այս արարքը քրեականացվել է ամբողջ հանրությանը պաշտպանելու համար: Արարքը քրեականացվել է, որպեսզի ամբողջ հանրությունը պաշտպանված լինի հայհոյանքից, ատելության խոսքից, որի հանցածին նշանակությունը ոչ ոք չի կարող վիճարկել»,- ասաց Դավթյանը:
Ըստ Դավթյանի՝ ակնհայտ տարբերություն կա մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածի, երբ դեռ օրենքը չէր ընդունվել, և ներկայիս իրավիճակի միջև:
«802 քրեական գործ էր հարուցվել մինչև հիմա: Դրանցից 425-ը հարուցվել են 137.1 հոդվածի 1-ին մասով: 1-ին մասը մասնավոր մեղադրանքի գործ է, այսինքն՝ առնվազն կեսից ավելին կենցաղային հարաբերություններում առաջացած դեպքեր են եղել: Մարդն իրեն պաշտպանելու համար եկել, հաղորդում է տվել»,- ասաց Դավթյանը: