ԱԺ նիստին քվորում ապահովեց միայն խորհրդարանական մեծամասնությունը: Ընդդիմությունը ներկա չէր, ինչպես և հայտարարել էին: Օրակարգում 23 հարց է: Տարեկան հաղորդմամբ այսօր խորհրդարան եկավ գլխավոր դատախազը:
2021-ին 30245 հանցագործության դեպք է արձանագրվել՝ 14.3 տոկոսով ավելի քան 2020-ին: Դրանց մեծամասնությունը՝ 84 տոկոսը, ըստ Դավթյանի, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են: Անցած տարի աճել է նաև բացահայտման ցուցանիշը՝ նշեց դատախազը:
Արթուր Դավթյան (ՀՀ գլխավոր դատախազ) - 2021 թվականին բացահայտման ցուցանիշը կազմել է 57.7 տոկոս՝ նախորդ տարվա 55.7 տոկոսի դիմաց:
Մտահոգիչ է, սակայն, 2021-ին գրանցված սպանության դեպքերի կամ սպանության փորձերի աճը՝ նկատեց Դավթյանը: Նա նաև ապօրինի շրջանառվող թմրանյութերի ոլորտին անդրադարձավ, ասաց՝ առգրավված քանակի աճ կա: Ծավալուն ելույթում դատախազը չշրջանցեց 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների թեման: 87 քրեական գործ է հարուցվել՝ 91 մեղադրյալով: Գերակշիռ մասը՝ 73.5 տոկոսը՝ ընտրակաշառքի մեղադրանքով: Պատերազմական հանցագործություններից էլ խոսելով՝ դատախազը հիշեցրեց, որ 2150 քրեական գործ է քննվում՝ 800 մեղադրյալով, այդ թվում՝ զինված ուժերի բարձրաստիճան սպաներով:
Արթուր Դավթյան - Բացահայտվել ու հիմնավորվել են զորահավաքից խուսափելու հրաման չկատարելու, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու, հակառակորդի հարձակումը ժամանակին հայտնաբերելու կամ դրան դիմագրավումը, կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու դեպքերին, հիմնավորվել են նաև պետական դավաճանություն կատարելու դեպքեր:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտումն էլ է առաջնահերթություն եղել՝ նշեց դատախազը: 2021-ին, 20-ի համեմատ, քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվն ավելացել է 300-ով: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով էլ 279 անձի պատկանող գույք է ուսումնասիրվել, 14-ի գործն ավարտվել է, բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ և 23 շարժական գույք: Արուսյակ Ջուլհակյանը դատախազից հետաքրքրվեց ամենաքննադատված՝ ծանր վիրավորանքը քրեականացնող հոդվածի կիրառության մասին: Պատգամավորի խոսքով՝ շահարկումներ կան, որ այն իշխանությանը պաշտպանելու համար է ներմուծվել: Դավթյանը նկատեց՝ մտահոգությունները տեղին չեն, մեջբերեց վիճակագրությունը:
Արթուր Դավթյան - Քրեական գործ է հարուցվել, դրանցից 425-ը հարուցվել են մասնավոր մեղադրանքի գործով, առնվազն կեսից ավելին մասնավոր կենցաղային հարաբերություններում առաջացած գործ է, մնացածը վերաբերում են արդեն պաշտոնյաների՝ նախկին, ներկա լրագրողներ, իշխանություն, ընդդիմություն:
ԱԺ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
Օրակարգային մեկ այլ հարցով փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն առաջարկեց փոփոխել օրենքն ու Հայաստանի անձնագիր ստանալու գործընթացում որպես հիմք ընդունել նաև մկրտության վկայականները:
Արա Ֆիդանյան (ՀՀ ոստիկանության պետի տեղակալ) - Եկեղեցիների կողմից տրված մկրտության փաստաթղթերը հիմք են հանդիսանում, որպեսզի մենք այդ հիմքով անձանց ճանաչենք որպես ազգությամբ հայ և պարզեցված կարգով տրամադրենք ՀՀ քաղաքացիություն:
Ֆիդանյանի խոսքով՝ հատկապես այս տարի դիմումների քանակն ավելացել է: Եթե 2021-ին 8591 անձ է քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրել, ապա 2022-ի հունվարի 1-ից ապրիլի 20-ն ընկած ժամակահատվածում արդեն 4696 դիմում է ստացվել: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին նաև «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը: Նախարարի տեղակալը հիշեցրեց՝ այն ուղղված է հրատապ խնդիրների կարգավորմանը: Արդյունավետ կիրականացվի նախադպրոցական հաստատությունների պարտադիր լիցենզավորումը, առաջին անգամ կներդրվեն տարակարգեր, որոնցով էլ կբարձրանա ոլորտի մասնագետների աշխատավարձը: Անդրեասյանն առանձնացրեց հատկապես մանկավարժների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման հարցը:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Սա միանգամայն համահունչ ենք առաջ տանում՝ հաշվի առնելով Կառավարության՝ 500 մանկապարտեզների նորոգման, կառուցման ծրագիրը, և սա թույլ է տալու էապես ընդլայնելու ցանցը, ու սա առաջ է բերում մանկավարժական կադրերի հասանելիության խնդիր: Ոչ միշտ է, որ հատկապես գյուղական վայրերում կան այդ կադրերը, ու փոխհատուցումը թույլ կտա, որ հարակից բնակավայրերի մասնագետներն աշխատեն ու մեր երեխաների համար ապահովեն որակյալ նախադպրոցական կրթություն:
ՔՊ պատգամավորների մշակած նախագիծն էլ բարձրագույն կրթությանն է վերաբերում: Որ բուհերը, առանց հարկային խնդիրների, կարողանան զեղչել նաև 44-օրյա պատերազմի մասնակիցների ուսման վարձերը, պատգամավորներն առաջարկում են Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարել:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Անցած տարվա դրությամբ մոտ 7000 ուսանող այս կամ այն չափով զեղչ է ստացել, և այս նախագիծը հնարավորություն է տալիս պոտենցիալ շահառուների թիվը կրկնապատկել:
Էկոնոմիկայի նախարարն էլ օրենսդրին խնդրեց հավանություն տալ ԵԱՏՄ-ի ու Սինգապուրի միջև համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը: Վահան Քերոբյանի խոսքով՝ կվերացվեն առևտրային ու ներդրումային խոչընդոտները, կնվազեցվի բիզնեսի ծախսերն ու կբարձրացվի տնտեսական արդյունավետությունը: Մեկ այլ նախագծով էլ Քերոբյանն առաջարկեց կողմ քվեարկել ու փոքր և միջին ձեռնարկություններին արտահանման ժամանակ ազատել մաքսային վճարների և մաքսային տուրքերի բեռից: