Այսօր՝ մայիսի 3-ին, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանի տեղակալ Քրիստոֆ Քացախյանը և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության հյուպատոս Տիբո Նոնիեն։
Նախարար Փամբուխչյանն անդրադարձել է արտակարգ իրավիճակների նախարարության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը։
Բարձր գնահատելով նախկինում և ներկայում իրականացված աշխատանքները՝ Ա․ Փամբուխչյանն առաջարկել է դիտարկել բնակչության պաշտպանության և աղետների կառավարման ոլորտում ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը, այդ թվում՝ վերապատրաստման և փորձի փոխանակման, ինչպես նաև համագործակցային կապերի ամրապնդումը ԱԻՆ-ի հոգեբանական աջակցության բաժնի և «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ սեմինարների, կոնֆերանսների, գիտաժողովների և հետազոտական աշխատանքների կազմակերպման, փոխայցելությունների միջոցով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կողմերին հետաքրքրող մի շարք այլ հարցեր։
Դեսպան Անն Լույոն երախտագիտություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։