Թամարա Մկրտչյան (Արգավանդի միջնակարգ դպրոցի աշակերտուհի) - Էջի կոդերն են պրոյեկտը, երբ որ հավաքում ենք, մենք աշխատում ենք կոդերով:
Արգավանդի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Թամարան որոշել էր տնտեսագետ դառնալ, սակայն երբ այցելեց Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ ստեղծված Ղուկասավանի նորաբաց տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն՝ մտափոխվեց: Մի քանի ամիս ծրագրավորում ուսումնասիրելուց հետո Գյումրիում գործող ամերիկյան ընկերությունից աշխատանքի առաջարկ ունի: Պատվերից խոսում է, աշխատավարձի չափը՝ գաղտնի պահում:
Թամարա Մկրտչյան - Դիզայնը տրվելու է, և ըստ այդ դիզայնի մենք հավաքելու ենք պրոյեկտ:
- Նոր առաջարկով ինչքա՞ն աշխատավարձ են տալու:
- Վայ, լավ, էլի:
Արարատի մարզի վեց գյուղի երեխաները մայրաքաղաքի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն հասնելու համար արդեն երկար ճանապարհ չեն անցնի, Ղուկասավանինն ավելի մոտ է: Կենտրոնին հատկացվել են նոր համակարգիչներ, հարակից գյուղերից այստեղ է այցելում 30 երեխա:
Ռուզաննա Ահարոնյան (Ղուկասավանի միջնակարգ դպրոցի տնօրեն) - Անհրաժեշտությունը շատ մեծ էր, քանի որ երեխաների համար դժվարություն կար քաղաք հաճախելու, և ես նշեմ ամենակարևոր առավելությունը, որ կենտրոնը գործում է բացառապես անվճար:
Ռուզաննա Խաչատրյան - Դասընթացները տեղի են ունենում շաբաթական երեք անգամ, երկու ժամով ծրագրավորում և անգլերեն:
Թամարայից բացի, կենտրոնի ևս վեց սան աշխատանքի առաջարկ է ստացել: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայ երեխաների գիտելիքներից տպավորված են Ճապոնիայի խորհրդարանի արտաքին գործերի փոխնախարարի գլխավորած պատվիրակության անդամները:
Տարո Հոնդա (Ճապոնիայի խորհրդարանի արտաքին գործերի նախարարի տեղակալ) - Ողջունելի է, որ Հայաստանը կենտրոնացել է տեղեկատվական տեխնոլոգիաների կրթության վրա: Ես շփվելու հնարավորություն ունեցա հայ երեխաների հետ, տեսա, թե ինչ են սովորում, ինչ հմտություններ են ձեռք բերում: Ես զարմացած եմ, որ հայ փոքրիկներն արդեն այս տարիքում սովորում են ՏՏ ոլորտի այսքան բարդ նրբությունները:
Ճապոնիայի խորհրդարանի արտաքին գործերի փոխնախարարը նաև հանդիպել է Կառավարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել «Թումո» կենտրոնի գործունեությանը: