Ժամանակակից ինտենսիվ այգիների և հատապտղանոցների ծավալների շարունակական աճն անհրաժեշտություն է առաջացրել Հայաստանում տնկանյութի հավաստագրման մասին օրենսդրության առկայության: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ԱԺ նիստում:
Փոխնախարարն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Սերմերի և տնկանյութի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
«Հայաստանում գյուղատնտեսության և, մասնավորապես, այգեգործության արդյունավետ զարգացման նպատակով կարևորվում է տեղական տնկիների արտադրությունը, որը կարող է երաշխավորել ոչ միայն պտղահատապտղային այգիների տարածքների ավելացումը, այլ նաև հնարավորություն կընձեռի տնկանյութի արտահանման համար»,- ընդգծել է զեկուցողը:
«Սերմերի և տնկանյութի մասին» օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել նաև լրացումներ կատարելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում` նախատեսելով տուգանքներ օրենքով սահմանված պահանջների խախտման դեպքերում:
Ֆինանսների նախարարության առաջարկի հիման վրա ներկայացվել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտություն, որով պետական տուրք կսահմանվի տնկանյութի հավաստագրի տրամադրման համար:
Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են կարգավորվելու գենային ինժեներիայի եղանակով ստացված և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ համարվող սորտերի և հիբրիդների գրանցման, սերմերի և տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրման, պահպանության, իրացման և օգտագործման դեպքերը:
Զեկուցողը նշել է, որ դրանք կսահմանվեն գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կարգավորման վերաբերյալ օրենքի նախագծում: Նախաձեռնությունը Կառավարությունում քննարկվելուց և դրական եզրակացություն ստանալուց հետո կներկայացվի խորհրդարան:
Գլխադասային` տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը տվել է դրական եզրակացություն: Այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի անդամ Դավիթ Դանիելյանը: