Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 3 տասնամյակի ընթացքում Երևանն ու Վաշինգտոնը ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների հիման վրա կառուցված ամուր գործընկերություն են հաստատել: Հայաստանի և ԱՄՆ գլխավոր դիվանագետների արձանագրումն է:
Պետքարտուղար Բլինքենը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և շեշտել այդ գործընթացին Վաշինգտոնի շարունակական աջակցությունը։ Արտգործնախարար Միրզոյանը իր հերթին կարևոր է համարել ժողովրդավարության ամրապնդման, կայուն զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանին տրամադրած Միացյալ Նահանգների աջակցությունը։
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Հայաստանում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո մենք համատեղ ջանքերով մեր գործակցությունը բարձրացրել ենք ռազմավարական երկխոսության մակարդակի, և հատկանշական է, որ ես այստեղ եմ ռազմավարական երկխոսության նիստի շրջանակում։ Այս նիստի ընթացքում մենք կենտրոնանում ենք մեր ժողովրդավարական, արդարադատության ոլորտի բարեփոխումների վրա, գործակցությունը խորացնելու ուղիներ ենք փնտրում պաշտպանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։ Եվ մենք գնահատում ենք մեր բարեփոխումներին աջակցելու ԱՄՆ-ի ջանքերը:
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ Երևանի դիրքորոշումը։ Մտքեր են փոխանակվել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Արարատ Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետության։
Արարատ Միրզոյան - Հայաստանը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում գնահատում է ԱՄՆ-ի հետ գործընկերությունը: Ցանկանում եմ ընդգծել ԱՄՆ-ի կարևոր դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, որն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ:
Միրզոյանը Բլինքենին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները։ Հումանիտար խնդիրների համատեքստում կարևորվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը:
Էնթոնի Բլինքեն (ԱՄՆ պետքարտուղար) - Երախտագիտություն ենք հայտնում այն տեսլականի, խիզախության և ճկունության համար, որ վարչապետը և Հայաստանը ցուցաբերում են այս գործընթացում՝ աշխատելով տևական խաղաղության ուղղությամբ, ինչը բոլորիս ցանկությունն է:
Նախարար Միրզոյանը պետքարտուղար Բլինքենին է ներկայացրել նաև Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները։ Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն լիովին աջակցում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և կարևորում այդ գործընթացում Երևանի կառուցողական ջանքերը:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում գործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Արարատ Միրզոյանը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ: Նշվել է, որ 2019 թվականից հայ-ամերիկյան գործակցությունը բարձրացվել է նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։
Ավելի վաղ արտգործնախարար Միրզոյանը հանդիպել էր նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։