Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից: Նշվում է, որ Պուտինը շնորհավորել է Մակրոնին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Կողմերը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում: ՌԴ նախագահը տեղեկացրել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին, ինչպես նաև ներկայացրել Կիևի հետ բանակցություններում Մոսկվայի սկզբունքային մոտեցումները:
«Ընդգծվել է, որ Արևմուտքը կարող էր նպաստել Ուկրաինայի կողմից չարագործությունների կանխմանը՝ համապատասխան ազդեցություն ունենալով Կիևի իշխանությունների վրա, ինչպես նաև դադարեցնելով զենքի մատակարարումներն Ուկրաինային»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Մակրոնը մտահոգություն է հայտնել գլոբալ պարենային անվտանգության ապահովման խնդրի կապակցությամբ: Պուտինը կարծիք է հայտնել, որ խնդրի պատճառը Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներն են: