«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2022»-ը: Փաստաթղթի համաձայն՝ մամուլի ազատության մակարդակով աշխարհի 180 պետությունների շարքում Հայաստանը 51-րդ տեղում է:
Նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանն իր դիրքերը բարելավել է 12 հորիզոնականով և խոսքի ազատության մակարդակով Հարավային Կովկասում առաջատարն է:
«Մամուլի ազատության ինդեքսում» հարևան Վրաստանը 89-րդ, Թուրքիան՝ 149-րդ, Ադրբեջանը 154-րդ, իսկ Իրանը 178-րդ հորիզոնականում է:
Զեկույցի համաձայն՝ չնայած Հայաստանում բազմակարծության միջավայրին՝ լրատվամիջոցները շարունակում են բևեռացված մնալ: Փորձագետների կարծիքով՝ երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության հրահրման աննախադեպ մակարդակի, հատկապես՝ ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում:
Որպես Հայաստանի հիմնական լրատվական աղբյուր՝ զեկույցը նշում է սոցիալական ցանցերը, ուր ամեն օր մուտք է գործում բնակչության երկու երրորդը: Զեկույցում նշվում է նաև, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի մեդիա դաշտն ընդլայնվել է: