Ներքաղաքական ճգնաժամ չկա՝ այսօր խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը պնդեց Ազգային ժողովի նախագահը: Անդրադառնալով ընդդիմության փողոցային պայքարին ու վարչապետի հրաժարականի պահանջին՝ Ալեն Սիմոնյանը հիշատակեց 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանի արտահերթ ընտրության արդյունքները:
Ալեն Սիմոնյանը կապ է տեսնում սահմանային կրակոցների և ընդդիմության՝ գործողություններ պլանավորելու միջև:
ԱԺ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՎԱԿԵՐՊԵԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Լրագրողները հիշեցրին՝ նախկին իշխանությունն էլ իր քաղաքական օպոնենտներին էր փորձում սաստել՝ սահմանային լարվածության աճի մասին խոսելով:
Ալեն Սիմոնյանն առաջարկեց ընդդիմությանը Արցախի ու Հայաստանի անվտանգության ապահովման սեփական առաջարկները ձևակերպել: Ըստ նրա՝ փողոցային պայքարի այսօրվա ղեկավարները 20 տարի ունեցել են դրա համար:
Ազգային ժողովի նախագահը համոզված է, որ փողոց դուրս եկած քաղաքական ուժերի համար սա վերջին հնարավորությունն է, ու ձախողելու դեպքում, Սիմոնյանը կարծում է, ընդդիմադիր պատգամավորները պետք է այլևս չվերադառնան խորհրդարան, քանի որ նրանց քաղաքական ասելիքն արդեն սպառված է: