ԻՐԱՔ
ԳՈՒՆԵՂ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ ԶԱՐԴԱՐԵԼ ԵՆ ԲԱՂԴԱԴԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ
Նկարչուհի Ուիջդան ալ Մաջիդն իրաքցի հայտնի բանաստեղծին պատկերող որմնանկարի վերջին վրձնահարվածներն է անում: Կնոջ խոսքով՝ իր աշխատանքների նպատակն է ոչ միայն գեղեցկացնել մայրաքաղաք Բաղդադի փողոցները, այլև հայրենակիցներին իրազեկել այն մարդկանց մասին, որոնք մեծ դերակատարում են ունեցել Իրաքի հասարակության համար:
Վառ ու տաք գույներով որմնանկարներում կարելի է տեսնել նկարիչների և բանաստեղծների դիմանկարներ: Կերպարներից մի քանիսը նույնիսկ այնքան էլ հայտնի չեն լայն հանրությանը, ահա թե ինչու դրանք ավելի մեծ հետաքրքրություն են առաջացրել:
Ուիջդան ալ Մաջիդ (նկարչուհի) - Նախկինում կարող էինք ցուցահանդեսներ կազմակերպել և տպավորել արվեստասերներին, արվեստագետներին և ուսանողներին: Իսկ հիմա կարելի է արվեստը դուրս բերել փողոց, տպավորել բոլորին և ազդել նրանց ճաշակի վրա:
Իրականում քաղաքապետն է հանդես եկել Բաղդադը գեղեցկացնելու այս նախաձեռնությամբ: Ուիջդանն արդեն 15 որմնանկար ավարտին է հասցրել: Յուրաքանչյուրի ստեղծման համար մոտ չորս օր է աշխատում:
ՃԱՊՈՆԻԱ
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԽԱՂԱԼԻՔ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԱՉԱՓ ԼՈՒՍՆԱԳՆԱՑԸ
Այս մինի, ձեռքի ափի մեջ տեղավորվող գունդը ամենևին էլ ձեր խաղալիքը չէ: Սա Sora-Q կոչվող հետախուզական ռոբոտն է, որը ստեղծել է ճապոնական խաղալիք արտադրող խոշոր ընկերություններից մեկը՝ Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության հետ համատեղ: Նպատակն է այն ուղարկել Լուսին:
Ընդամենը 250 գրամ քաշ և 8 սանտիմետր տրամագիծ ունեցող այս ռոբոտ գունդն ունի երկու անիվ, որոնք կարող են շարժվել ավազի վրա: Ռոբոտը հագեցած է առջևի և հետևի տեսախցիկներով, որոնք կարող են լուսանկարներ անել և դրանք փոխանցել Երկիր:
Ռոբոտ գունդը պատրաստված է հատուկ տեսակի ալյումինից և պլաստմասսայից, որը կարող է դիմակայել Լուսնի վրա ջերմաստիճանի խիստ տատանմանը` -170-ից մինչև +110, ըստ Ցելսիուսի:
Sora-Q-ի հեղինակ Քենտա Հաշիբայի խոսքով՝ մանկական խաղալիքներ արտադրելու իրենց փորձն ու տեխնիկան օգնել են ստեղծելու այս ռոբոտը:
Քենտա Հաշիբա (Sora-q ռոբոտի հեղինակը) - Այն գնդից վերածվում է մեկ այլ ձևի: Այն նաև շատ փոքր է և թեթև: Այս ռոբոտի ստեղծման համար կիրառել ենք ավելի փոքր խաղալիքներ, պարզ արհեստական խաղալիքներ պատրաստելու և խաղալիքի շարժման տեխնիկան: Ուրախ կլինենք, եթե երեխաների մոտ տիեզերքի նկատմամբ հետաքրքրություն արթնանա, երբ նրանք տեսնեն, թե ինչպես է այս խաղալիք ռոբոտը տիեզերք բարձրանում:
Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը նախատեսում է ռոբոտն ուղարկել Լուսին 2023 թվականին: Լիահույս են, որ այս ռոբոտը կօգնի իրենց տիեզերական հետազոտությունների գործում:
ԲՈԼԻՎԻԱ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ԱՂԻ ՀԱՐԹԱՎԱՅՐԵՐԻ ՎՐԱ
11-ամյա այս տղան լուսանկարչության իսկական սենսացիա է դարձել Բոլիվիայում: Ծովի մակերևույթից 3650 մետր բարձր գտնվող այս վայրը Ույունի չորացած աղի լիճն է Բոլիվիայի Անտիպլանո անապատային հարթավայրի հարավում: Տասը հազար քառակուսի կիլոմետրից ավելի մակերես է զբաղեցնում և համարվում է աշխարհում ամենամեծ աղի լիճը:
Փիթեր Քոնդորին այստեղ ինքնատիպ լուսանկարներ է անում` փորձելով գրավել հնարավորինս շատ զբոսաշրջիկների: Տղան օրական 9-15 դոլար է վաստակում և օգնում ծնողներին` հոգալու իրենց ապրուստը:
Փիթեր Քոնդորի (լուսանկարիչ) - Ես օգնում եմ ծնողներիս գնելու սոխ, կարտոֆիլ, հազար: Հագուստ ու խաղալիք եմ գնում եղբայրներիս համար: Նաև հարկ եղած դեպքում գրենական պիտույքներ եմ գնում:
Ույունիի աղի հարթավայրերը Բոլիվիայի գլխավոր զբոսաշրջային վայրերից են: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Բոլիվիայի զբոսաշրջության ոլորտը մեծ վնասներ է կրել: Երկրի ավելի քան երկու հազար տուրօպերատորները կառավարությանը հորդորել են թուլացնել ճանապարհորդության սահմանափակումները:
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ
ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ ՆՇՈՒՄ ԵՆ ԹԱԳԱՎՈՐԻ ՕՐԸ
Նիդերլանդների տարբեր քաղաքներում նարնջագույն հագնված մարդիկ են հայտնվել: Նրանք տոնում են Թագավորի օրվա ազգային տոնն ավանդական ձևով` երաժշտությամբ և բացօթյա տոնավաճառներով: Սա համարվում է ազգային միասնության և համերաշխության օր: 2019 թվականից իր վեր առաջին անգամ են կազմակերպում փառատոնը, որը չէր կայանում կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Նիդերլանդների թագավոր Վիլլեմ Ալեքսանդրը, որը դարձել է 55 տարեկան և որի տոնը նշում են, ընտանիքի հետ այցելել է հարավային Մաաստրիխտ քաղաք` կատարելով համաճարակի պատճառով երկու տարի հետաձգված խոստումը:
Վիլլեմ Ալեքսանդր (Նիդերլանդների թագավոր) - Երկու տարի սպասել ենք, որ ունենանք այս զգացողությունը, ինչպես հին ու բարի ժամանակներում: Կարծում եմ՝ բոլորն էին սպասում այս օրվան: Երկու տարի փակված լինելուց հետո, երբ չէինք կարողանում անել այն, ինչ ցանկանում ենք, վերջապես ամբողջ Նիդերլանդներում կարող ենք տոնել ազատության ու խաղաղության օրը:
Ամստերդամում, որտեղ Թագավորի օրը համարժեք է Ամանորին, գիշերը տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս գալիս փողոց` տոնելու: Փառատոնի շրջանակում քաղաքների մեծ մասում տոնավաճառներ են անցկացվում. մարդիկ մատչելի գներով վաճառում են իրենց սեփական իրերից՝ այն ամենը, ինչի կարիքն այլևս չունեն:
Հոլանդացիներն այդ օրը հագնում են նարնջագույն հագուստ, որը Օրանի արքայատոհմի ընտանեկան գույնն է։ Ամստերդամի ջրանցքները լցված են խնջույքի նավակներով, որոնցով լողացող մարդիկ պարում են:
ՖՐԱՆՍԻԱ
ԱՃՈՒՐԴԻ ԿՀԱՆՎԻ «ՋՈՒԹԱԿՆԵՐԻ ԴԱ ՎԻՆՉԻՆ»
Մոտ երեքդարյա վաղեմություն ունեցող երաժշտական գործիքը, որը հայտնի է «Ջութակների Դա Վինչի» գնահատմամբ, աճուրդում կարող է վաճառվել մինչև 10 միլիոն եվրոյով:
Այս ջութակը պատրաստվել է 1736 թվականին, հեղինակն իտալացի Ջուզեպպե Գվարներին է: Այն պատկանում է ֆրանսիացի վիրտուոզ ջութակահար Ռեգիս Պասկիերին: Այս ջութակի ձայնը զարդարել է համերգասրահներ ամբողջ աշխարհում:
Սոֆի Պեղին (Ագյուտ» աճուրդի տան աշխատակից) - Շատ ջութակներ կան, բայց այս մեկի վաճառքը նման է Ռեմբրանդտի, Գոյայի կամ նույնիսկ Լեոնարդո Դա Վինչիի կտավները վաճառելուն: Բոլոր ջութակների շարքում այս մեկը բացառիկ է:
Թխկու փայտից պատրաստված գործիքը Գվարներիի 150 աշխատանքներից մեկն է: Պասկիերին այն գնել է ավելի քան 20 տարի առաջ, և գնելու հենց հաջորդ օրը նվագել համերգի ընթացքում: Ջութակահարի համար այս գործիքը կատարյալ է եղել:
Ջութակն աճուրդի կհանվի հունիսի 3-ին, նախապես երեք օր կներկայացվի ցուցահանդեսում: Նախնական գինը 4-4.5 միլիոն եվրո է:
ՄԵՔՍԻԿԱ
ՀՐԱԺԵՇՏ 100-ԱՄՅԱ ԾԱՌԻՆ
Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում հարգանքի տուրք են մատուցել 100-ամյա արմավենուն` Լա Պալմային, նախքան այն կտրելը: Այդ որոշումը կայացրել են տեղական իշխանությունները, քանի որ ծառը վարակված է եղել սնկային ժանտախտով:
Այս արմավենին ավելի քան 100 տարի կանգնած է եղել Պասեո դե լա Ռեֆորմա պողոտայում: Մեխիկոյի բնակիչները վերջին հրաժեշտն են տվել իրենց սիրելի ծառին` նվագելով, իրար ձեռք բռնած, լուսանկարվել են պատմական տեսարժան վայրի մոտ:
Կլաուդիա Շեյնբաում (Մեխիկոյի քաղաքապետ) - Թեև մեծ ջանքեր էինք գործադրել, չկարողացանք փրկել ծառը: Իսկ մեռած արմավենին այստեղ մնալ չի կարող, այն կարող է սպառնալիք դառնալ բնակչության համար:
Տեղական իշխանություններն այժմ խորհրդակցություն են անցկացնում, որպեսզի քաղաքացիները որոշեն, թե որ տեսակի ծառը կփոխարինի շրջանաձև խաչմերուկի արմավենուն։
ԱՄԷ
ՍՐՃԱՐԱՆ ՇՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Անցած տարվա դեկտեմբերին Դուբայում բացվել է Happy Bark Day կոչվող սրճարանը, ինչը թարգմանաբար նշանակում է «շնորհավոր հաչալու տոնը»: Սա սրճարան է շների համար:
Այն տարածաշրջանում տեսակի մեջ միակ սրճարանն է, որը նախատեսված է հենց շների ու կատուների համար: Հատուկ ճաշացանկ է մշակված, ընտրված է բացառապես առողջ սնունդ: Սրճարանի հիմնադիրը Հյունսուկ Կուն է: Նա 2008 թվականին Դուբայ է տեղափոխվել Հարավային Կորեայից:
Հյունսուկ Կու (շների սրճարանի հիմնադիր) - Ես անչափ հետաքրքրված եմ շների սննդակարգի հարցերով: Կարծում եմ, որ բոլոր շների տերերն էլ ցանկանում են, որ իրենց չորքոտանի բարեկամներն առողջ լինեն և հնարավորինս երկար ապրեն:
Հյունսուկն իր սրճարանում կերակուրները պատրաստում է բացառապես թարմ և բարձրորակ բաղադրիչներից, փորձում է կերակրատեսակները հարմարեցնել իր այցելու շների նախասիրություններին: Գրեթե միշտ մսային և բանջարեղենային կերակրատեսակները համակցված են լինում:
Շները նստում են բարձր նստարանների վրա, թաթերը դնում սեղանին և անհամբեր սպասում, որ իրենց պատվերը մատուցեն: Իհարկե կենդանիները սրճարան են այցելում իրենց տերերի հետ, որոնք էլ կատարում են պատվերը:
Սրճարանի այցելուներն անչափ գոհ են, քանի որ, իրենց խոսքով՝ այն շատ նպատակահարմար է հատկապես Դուբայում, որտեղ եղանակը շատ շոգ է, և ընտանի կենդանիները մեծապես տանջվում են տապից: Իսկ այս սրճարանում բավականին զով է:
Շների սրճարանում ուտելիքների գները տատանվում են 10-20 դոլարի սահմաններում: Իսկ հատուկ շների ծննդյան օրվան նվիրված տորթերը 55 դոլար արժեն:
ԳԵՐՄԱՆԻԱ
ՕՔԹՈԲԵՐՖԵՍԹԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
Ամենամյա Oktoberfest-ը՝ գարեջրի աշխարհի ամենամեծ փառատոնը, այս տարի կանցկացվի սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 3-ը՝ առանց կորոնավիրուսային սահմանափակումների՝ համաճարակի պատճառով վերջին երկու տարում չեղարկվելուց հետո, այս մասին հայտարարել է Մյունխենի քաղաքապետ Դիտեր Ռեյտերը:
Oktoberfest-ը սովորաբար տարեկան մոտ 6 միլիոն այցելու է բերում Մյունխեն, նրանցից շատերը ժամանում են արտերկրից:
Գարեջրախմության փառատոնի մասնակիցները նստում են երկար ընդհանուր սեղանների մոտ՝ գարեջուր խմելու, երշիկեղեն ուտելու և հաճելի երաժշտություն վայելելու համար:
Շատերը, հիմնականում երիտասարդները, անչափ ոգևորված են, որ Oktoberfest-ը վերջապես վերադարձել է, և մի լավ զվարճանալու ու գարեջուր վայելելու հնարավորություն են ստացել, սակայն կան նաև մարդիկ, որոնք այնքան էլ խանդավառված չեն փառատոնի վերադարձով:
Նրանք խոստովանում են, որ նոր են ապաքինվել կորոնավիրուսից և հաստատ ևս մեկ անգամ հիվանդանալ չեն ցանկանում: Բացի այդ, իրենց համար, մեծ հաշվով, միևնույն է, որ 6 միլիոն մարդ հարբում է գարեջրից: