Ընդդիմությունը վաղ առավոտից շարունակել է անհնազանդության ակցիաները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր խմբերը փակել էին մայրաքաղաքի մի շարք փողոցներ` կաթվածահար անելով երթևեկությունը: Քաղաքացիները մայրաքաղաքի 30 խաչմերուկ էին փակել: Ավելի ուշ ոստիկանությունը վերականգնել է երթևեկությունը:
Ոստիկանության գործողությունների արդյունքում բաժին էին տարվել 244 քաղաքացիներ, բոլորը 3 ժամ անց ազատ են արձակվել:
Ֆրանսիայի հրապարակում երեկվանից սկսած վրանային նստացույցը շարունակվում է մինչ այս պահը:
Ոստիկանությունը ոչ համաչափ ուժ է կիրառել որոշ ցուցարարների նկատմամբ: Ոստիկաններից մեկը քաղաքացուն բերման ենթարկելիս բռունցքներով հարվածներ է հասցրել գլխին ու դեմքին:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Լուրերին» տեղեկացրին, որ Ոստիկանության պետի հանձնարարականով ծառայողական քննություն է անցկացվում:
Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում լրագրողների աշխատանքը խոչընդոտել է ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը: Նա հրել է իրեն հարց ուղղող լրագրողին և հարվածել նկարահանող օպերատորի ոտքին:
«Լուրերին» Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ այս պահին բոլոր բռնության դեպքերը՝ թե՛ լրագրողների, թե՛ քաղաքացիների նկատմամբ, ուսումնասիրվում են:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել ու դատապարտել ուժային կառույցների կողմից բռնությունը և հանրային դեմքերի կողմից բռնության ողջունումը: Ըստ ՄԻՊ-ի՝ իրականացված այցերի արդյունքներով արձանագրվել են Ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիներին բերման ենթարկելու մի շարք ընթացակարգային խախտումներ, իսկ դրանց զգալի մասի ուսումնասիրությունը վկայում է, որ խախտումները շարունակական են:
«Բարեկամություն» մետրոյի մոտ այլ պատկեր է եղել: Մի խումբ քաղաքացիներ իրենց ուժերով են բացել ընդդիմադիր ցուցարարների` աղբամաններով բարիկադները: Առանց հրմշտոցների հարցը չի կարգավորվել:
Նախապես հայտարարված օրակարգի համաձայն՝ ընդդիմությունը ժամը 18.00-ին հավաքվեց Ֆրանսիայի հրապարակում:
30 փողոց առավոտից փակվել է, պաշտոնական տվյալով՝ 244, իրականում 300 հոգի բերման է ենթարկվել, գրեթե բոլորն արդեն ազատ են արձակվել, այս պահին Ֆրանսիայի հրապարակում են՝ օրն ամփոփեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Նա անդրադարձավ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպին:
Իշխան Սաղաթելյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ) - Ուրեմն, լսի՛ր, Սաքո, եթե դու գերազանցում ես քո լիազորությունները, դիմում ես ապօրինի միջոցների, ուրեմն ես քեզ այս հրապարակից, այս ժողովրդի անունից խոստանում եմ՝ ուսադիրներդ պոկելու եմ, ու պատժվելու ես դրա համար:
Առանձնահատուկ շնարհակալություն ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտնեց ուսանողներին՝ միանալու ու դասադուլ անելու համար: Մինչ այդ «Հայաստան» դաշինքը հայտարարել էր, որ Երևանի պետական համալսարանի ուսանողության ընդամենը 15%-ն է մասնակցել դասերին, մի շարք կուրսեր դասադուլ են հայտարարել։ Իրականում ԵՊՀ-ում դասադուլ չի եղել. արձագանքելով ընդդիմադիրների հայտարարությանը՝ ԵՊՀ-ն հայտարարեց, որ դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով, առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել է առավոտյան կենտրոնական մի քանի փողոցներում առաջացած խցանումների հետևանքով, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չի կարողացել ժամանակին հասնել համալսարան:
Ընդդիմադիրները Երևանի փոքր կետրոնով քայլերթ սկսեցին, որոշ փողոցներ ընթացքում փակվեցին, երթին միացել էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քայլերթն ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում:
Ընդդիմությունը բողոքի ակցիաները սկսել է մոտ 2 շաբաթ առաջ:
Հեղինակ` Անի Օհանյան