«ԱԶՈՎՍՏԱԼԻ» ՏԱՐԱԾՔԻՑ ՏԱՐՀԱՆՎԵԼ Է 80 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁ. ՌԴ ՊՆ
Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ նախօրեին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից հաջողվել է տարհանել 80 քաղաքացիական անձի, այդ թվում՝ կանանց և երեխաների։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
«Տարհանվածները տեղափոխվել են Բեզիմեննոյե գյուղ։ Ուկրաինական կողմի վերահսկողության տակ գտնվող շրջաններ մեկնել ցանկացողներին հանձնել են Կարմիր խաչի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին։ Խաղաղ բնակիչների տարհանման համար հայտարարվել է լռության ռեժիմ»,- ասված է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով էլ՝ հաջողվել է տարհանել 100-ից ավելի մարդու։ Նա հույս է հայտնել, որ գործընթացը կանգ չի առնի։
ՄԱԿ-ից և Կարմիր խաչի միջազգային կոմիտեից էլ տեղեկացրել են, որ շարունակում են մասնակցել «Ազովստալ» գործարանից խաղաղ բնակիչների տարհանման գործընթացին։
ԵՄ-Ն ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ԿՀՐԱԺԱՐՎԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻՑ
Եվրամիությունը ամռանը կդադարեցնի ռուսական ածխի ներկրումը, իսկ մինչև տարեվերջ կհրաժարվի ռուսական նավթից։ Այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլերը։
Նա պնդել է, որ Բեռլինը կշարունակի ֆինանսական և մարդասիրական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։
«Նաև եվրոպական մի շարք երկրների հետ ռազմական օգնություն ենք տրամադրում Ուկրաինային, որպեսզի նա կարողանա պաշտպանվել»,- հավելել է Շոլցը։
Միաժամանակ կանցլերը բացառել է Բեռլինի միակողմանի քայլերը Ուկրաինային զենք մատակարարելու հարցում և վստահեցրել՝ իր վարկանիշի անկումը և ընդդիմության քննադատությունը չեն ստիպի նրան փոխել իր որոշումները։
ԿՈՒԼԵԲԱՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՎՃՌԱԿԱՆ ԳՈՐԾԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը Գերմանիայի իշխանություններին կոչ է արել ավելի վճռական գործել Կիևին օգնելու և հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցում։
«Գերմանիան ԵՄ ամենաանվճռական երկրներից մեկն է։ Բեռլինը պետք է Ուկրաինային անհրաժեշտ բոլոր սպառազինությունների մատակարարման հետ կապված խոչընդոտները և աջակցի Ուկրաինային՝ Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում»,- համոզմունք է հայտնել Դմիտրո Կուլեբան։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական բանակցություններին՝ նախարարը հայտնել է, որ երկու երկրի պատվիրակությունները «ժամանակ առ ժամանակ շփվում են, սակայն լուրջ բանակցություններ չեն ընթանում։
ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌԵԺԻՄԸ ՓՈԽԵԼԸ ՉԷ. ԼԱՎՐՈՎ
Ուկրաինայի ղեկավարությունը սաբոտաժի է ենթարկում ռուս-ուկրաինական բանակցությունները: Նման կարծիք է հայտնել ՌԴ արտգործնախարարը։
Սերգեյ Լավրովի պնդմամբ՝ Վոլոդիմիր Զելենսկին հաճախ փոխում է իր դիրքորոշումը։ Նա նշել է նաև, որ ռուսական կողմը չի պահանջում, որ Զելենսկին հանձնվի, այլ պահանջում է, որպեսզի նա քաղաքացիական անձանց արձակելու և դիմակայությունը դադարեցնելու հրաման տա։
«Մեր նպատակը Ուկրաինայում ռեժիմը փոխելը չէ։ Դա Ամերիկայի մասնագիտացումն է։ Մոսկվան ցանկանում է ապահովել մարդկանց խաղաղությունը Ուկրաինայի արևելքում»,- պնդել է նախարարը, հավելել՝ նպատակներից մեկն է նաև բացառել Ուկրաինայի տարածքից Ռուսաստանի անվտանգությանը հնարավոր սպառնալիքները։
Սերգեյ Լավրովը վստահեցրել է նաև, որ Մոսկվան չի փորձի արհեստականորեն ավարտին հասցնել Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը մինչև մայիսի 9-ը։
ՆԱՏՕ-Ն ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՌԴ-ԻՆ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
ՆԱՏՕ-ն համարժեք պատասխան կտա Ռուսաստանին՝ իր դաշնակիցներից մեկի վրա հարձակվելու դեպքում, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
«Դաշինքի դիրքորոշումը պարզ է»,- նշել է Մևլյութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Բալթյան երկրներ սպառազինության մատակարարումները։
Նրա խոսքով՝ Բրազիլիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել կազմակերպելու մի շարք պետությունների առաջնորդների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի այցը Ռուսաստան՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար։
«Էրդողանը շարունակում է ջանքեր գործադրել՝ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ»,- հավելել է Չավուշօղլուն։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿ
Թուրքիայի գործողությունները երկակի ստանդարտների օրինակ են՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։
«Թուրքիան, մի կողմից, հանդես է գալիս որպես միջնորդ և աջակցում է Ուկրաինային, իսկ մյուս կողմից՝ զբոսաշրջային երթուղիներ է պատրաստում՝ հատուկ ռուսական զբոսաշրջության համար»,- դժգոհություն է հայտնել Ուկրաինայի նախագահը։
Նրա կարծիքով՝ նման գործելաոճն անարդար է ու անընդունելի, եթե Թուրքիան և Ուկրաինան ցանկանում են բարեկամական հարաբերություններ ունենալ։ Զելենսկին թուրքական իշխանություններին կոչ է արել ընտրություն կատարել։
ԿԻԵՎԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՝ ԶԵԼԵՆՍԿԻ-ՓԵԼՈՍԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ
Ուկրաինայի նախագահը Կիևում հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի Նենսի Փելոսիի հետ։
Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ բանակցությունները առարկայական են եղել և տևել են 4 ժամ։
«Քննարկել ենք մեր պետությանն աջակցության առանցքային հարցերը, մասնավորապես՝ ռազմական մատակարարումները, մակրոֆինանսական օժանդակությունը, պատժամիջոցների քաղաքականությունը, ԱՄՆ-ի հետ քաղաքական գործակցությունը»,- մանրամասնել է նախագահը։
Փելոսին, իր հերթին, նշել է, որ ԱՄՆ օրենսդիրներն աշխատանքներ են տանում նախագահ Ջո Բայդենի խնդրագրի հետ կապված, որով նախատեսվում է 33 միլիարդ դոլարի լրացուցիչ աջակցություն տրամադրել Կիևին։
ԵՎՐՈՊԱՆ ՊԵՏՔ Է ԶԳՈՒՅՇ ԼԻՆԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ. ՄԻՑՈՏԱԿԻՍ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կարծիքով՝ Եվրոպան պետք է զգույշ լինի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում, որպեսզի դրանցից ԵՄ երկրներն ավելի շատ չտուժեն, քանի որ եվրոպական տնտեսությունը չի կարող ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից։
Նրա խոսքով՝ հակառուսական պատժամիջոցներն արդեն տվել են իրենց արդյունքները։
«Մենք պետք է ազատվենք ռուսական գազից, բայց պարզ է նաև, որ դա տեղի չի ունենա մեկ գիշերվա ընթացքում»,- նշել է վարչապետը։