Ինչպես արդեն տեղեկացվել է, 2022 թ. առաջին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է ՀՀ դատախազության կողմից որպես առաջնահերթություն հռչակված մի քանի առանցքային ուղղություններով հանցավորության դինամիկայի շոշափելի բարելավում:
2022 թ. առաջին եռամսյակում, ի թիվս այլ հանցատեսակների արձանագրվել է նաև ճանապարհային երթևեկության հանցավոր խախտումների և դրանց հետևանքով մահվան ելքով դեպքերի էական նվազում: Եթե 2021 թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային հանցագործության 381 դեպք, որոնցից 60-ը՝ մահվան ելքով, ապա 2022 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է նման 337 դեպք, որոնցից մահվան ելքով դեպքերը եղել են 49-ը: Այսինքն ՃԵԿ հանցավոր խախտումները նվազել են 11.5%-ով, իսկ մահվան ելքով դեպքերը՝ 18.3%-ով:
Ընդ որում՝ բարելավվել է նաև այս բնույթի հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը: Եթե 2021 թ. բացահայտվել է ՃԵԿ հանցավոր խախտումների դեպքերի 63.6%-ը, ապա 2022 թ.՝ 75%-ը: Մահվան ելքով դեպքերի բացահայտման ցուցանիշն աճել է 16.6 տոկոսով (2021թ. առաջին եռամսյակում՝ 44.1%, իսկ 2022թ.՝ 60.7%):
Դրական տեղաշարժն էականորեն պայմանավորված է նախորդ տարվա ընացքում ճանապարհատրանսպորտային երթևեկության անվտանգության բարձրացման և ՃԵԿ խախտումների կանխարգելման ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից դատախազական ներգործության գործիքակազմի ակտիվ կիրառմամբ ավտոճանապարհներին երթևեկության անվտանգության ապահովման հասցեական միջոցառումների իրականացմամբ, նման հանցատեսակով պատժողական քաղաքականության խստացմամբ:
Դրական միտումներ են առկա մեկ այլ՝ ավանդաբար խնդրահարույց համարվող սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարում: Այս բնույթի հանցագործությունների դեպքերը 2022թ. առաջին եռամսյակում նվազել են 141-ով կամ 4.3%-ով (2021 թ.՝ 2471 դեպք, 2022 թ.՝ 2360):
Ընդ որում՝ դրանց բացահայտման ցուցանիշը կազմել է 52%` 2021 թ. առաջին եռամսյակի 49.5%-ի դիմաց: Անձնական գույքի հափշտակությունների դեպքերը նվազել են շուրջ 10%-ով, ավազակությունները՝ 7.7%-ով: Եթե 2021 թ. առաջին երեք ամիսներին արձանագրվել է գողության 2471 դեպք, ապա 2022 թ.՝ 2360, այսինքն գողության դեպքերը նվազել են 111-ով, կամ 4.5%-ով: Հատկանշական է, որ արձանագրվել է բնակարանային գողությունների շոշափելի նվազում: Մասնավորապես, 2022թ. 1-ին եռամսյակում հանրապետությունում արձանագրվել է բնակարանային գողության 284 դեպք, այն պարագայում, երբ 2021 թ. նույն ընթացքում գրանցվել էր նման 325 դեպք, այսինքն դեպքերը նվազել են 41-ով կամ 12,6%-ով: Դրան զուգահեռ, եթե 2021 թ. առաջին եռամսյակում արձանագրված բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը կազմել էր 41,6%, ապա 2022 թ.՝ 51,6%:
Բնակարանային գողությունների դեմ քրեաիրավական պայքարը տարիներ շարունակ ՀՀ դատախազության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն: Դրա շրջանակում դատախազության ստորաբաժանումները շարունակաբար իրականացնում են այս հանցատեսակի առումով առավել ռիսկային և խոցելի բնակտարածքների քարտեզագրում՝ արձանագրվող դեպքերին նպաստած պատճառների վերացմանն ուղղված կոնկրետ առաջարկություններով միջնորդագրեր և հաղորդումներ ուղղելով պատկան մարմիններին: Ոստիկանության, ՏԻՄ մարմինների հետ գործակցությամբ բազմաբնակարան շենքերի մուտքերը կահավորվում են կոդավորված փականներով դռներով, լուսավորության, տեսահսկման սարքերով:
Ոստիկանության կարգախմբերը համեմատաբար ավելի ուժեղացված ծառայություն են իրականացնում հանցավորների թիրախ հանդիսացող թաղամասերում, բնակտարածքներում: Այս բնույթի հանցագործությունները տաք հետքերով բացահայտելու և քննությունների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Գլխավոր դատախազությունը մշակել և շրջանառության մեջ է դրել բնակարանային գողությունների քննության մեթոդական ուղեցույց: