Ներմուծվող ապրանքը Չինաստանից բերվող հագուստ լինի, ԱՄՆ-ից աճուրդով գնած ավտոմեքենա թե այլ ապրանք՝ բրոքերներին ու բիզնեսին մաքսայինում այս կիրակիից այլևս կողմնորոշիչ գներ չեն առաջադրում։ ԵԱՏՄ օրենսդրության պահանջով՝ մայիսի 1-ից Հայաստանում նույնպես բեռ մաքսազերծող գործարարը պարտադիր պետք է կարողանա մաքսային արժեքի որոշման համար առաջինն օգտվել գործարքի գնի մեթոդից՝ տեղեկացնում է ՊԵԿ-ի ներկայացուցիչը։
Գարիկ Մինասյան (ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության պետ) - Մենք տնտեսվարղներին հորդորում ենք, որ հայտարարագրերը ներկայացնեն բացառապես առաջին մեթոդով: «Կողմնորոշիչ գին» ասվածն այլևս չի գործում:
Մայիսի 1-ից ուժի մեջ մտած մեկ այլ փոփոխությամբ ապրանքային հայտարարագիրն այսուհետև ՊԵԿ-ին պետք է ներկայացվի միմիայն էլեկտրոնային եղանակով՝ trade.gov.am-ի «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» համակարգով: Երրորդ՝ գործարարների կողմից երկար սպասված մյուս նորությունը առաջին մեթոդի համար մինչև վերջերս պահանջվող փաստաթղթերի մեծ ցանկի կտրուկ կրճատումն է՝ ներկայացնում է կոմիտեի փոխնախագահը։
Հաշիվ-ապրանքագիր, ապրանքի դիմաց վճարման կամ դրա հետաձգման փաստաթուղթ․ այս երեքը ինտերնետ հարթակ մուտքագրելը բավական է, որ համակարգը դիմումատուից ընդունի արտասահմանցի գործընկերոջ հետ կնքած առուվաճառքի-մատակարարման պայմանագրի հիման վրա բեռի մաքսային արժեքը հաշվարկելու հայտը։ Բիզնեսին հաճախ լրացուցիչ ծախսի տակ գցող, իրականից երբեմն քիչ, երբեմն, սակայն, մի քանի անգամ բարձր ֆիքսված հսկիչ գները, ավելի ճիշտ՝ դրանց կիրառման 6-րդ, վերջին մեթոդին հիմա գործը կհասնի միայն երբ փորձեն ու չստացվեն 2-րդ, երրորդ և հաջորդական բոլոր տարբերակները։ Պարզեցված ընթացակարգի ընտրության հարցում, ի դեպ, բացառություն չի արվի նույնսիկ դիտավորյալ ապրանքի ցածր գին-սխալ ինվոյս տվող երկրների կամ ՊԵԿ-ի բազաներում ռիսկային ճանաչված ինչ-ինչ ապրանքների մաքսազերծման ժամանակ։ Որևէ մեկը բախտը չփորձի առիթից օգտվել ու արտասահմանյան բիզնես-գործընկերոջ հետ պայմանավորված սխալ թվեր գրել հայտարարագրում․ դրանք ստուգել մաքսավորները միշտ կարող են՝ գործարարներին զգուշացնում է Գարիկ Մինասյանը։
Գարիկ Մինասյան - Մաքսայինն ունի իր թե՛ նախաբացթողումային, թե՛ հետբացթողումային լծակները, և հորդորում ենք տնտեսվարողներին, որ ներկայացնեն արժանահավատ տեղեկատվություն՝ հետագայում խուսափելու վարչարարությունից:
Արևմտյան մաքսատուն-վարչությունում ինքնաթիռով բերվող բեռների ու մաքսազերծվող փոստի օրը միջինը 200 ներմուծում է գրանցվում․ այս մեկը՝ Իտալիայից եկող թանկարժեք զարդերի համար է։ Ձևակերպումը բրոքերը հաջողությամբ կատարեց գործարքի գնի՝ տնտեսվարողին ձեռնտու մեթոդով։
Ծրագիրը գործարքին կանաչ ուղի տվեց․ նշանակում է՝ ապրանքի տիրոջը մնում է միայն վճարել հաշվարկված մաքսազերծման գումարն ու տնօրինել բեռը․ մաքսային այցելելու կարիք բացարձակ, չկա։ Եթե համակարգը դեղին ուղի ընտրեր, պետք է փաստաթղթերը ներկայացվեին ստուգման։
Կարմիր ուղին ենթադրում է նաև բեռի զննում։