Էներգետիկայում ավելի քան 1,5 տրիլիոն դրամի ներդրում, 640 միլիարդ՝ էլհեռահաղորդակցության ոլորտում: Արդյունքը հնարավոր է եղել ապահովել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25 տարվա սակագնային քաղաքականության միջոցով: Դեռ 1997-ին էներգետիկայի բնագավառում անկախ կարգավորման հանձնաժողովի անհրաժեշտություն կար:
Գարեգին Բաղրամյան (ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ) - Տնտեսության առանցք համարվող էներգետիկայի բնագավառում առկա խնդիրները ձևավորեցին ոլորտում հիմնարար բարեփոխումներ իրականացնելու օբյեկտիվ պահանջ: Բարեփոխումների մեկնարկը նախ և առաջ պահանջում էր կառավարման և կարգավորման գործընթացների տարանջատում՝ հիմք դնելով անկախ կարգավորման ինստիտուտի ձևավորմանն ու կայացմանը:
Ոչ միայն էլեկտրաէներգիայի սակագների կարգավորումը, այլև ջրային համակարգի, էլեկտրոնային հեռահաղորդակցության բնագավառների կարգավորումը հետագայում վստահվեց հանձնաժողովին: Այսօր արդեն էլեկտրաէներգիայի արդար գնագոյացման նպատակով հանձնաժողովի կարգավորումներով շուկան ազատականացվել է,- ասում է Գարեգին Բաղրամյանը:
Գարեգին Բաղրամյան - Սպառողին տրվում է էլեկտրաէներգիան գնել երաշխավորված մատակարարներից կարգավորվող գներով կամ ընտրելու այլ մրցակցային մատակարարներ: Մեծածախ շուկայում այն ենթադրում է էլեկտրաէներգիայի մրցակցային պայմաններով առուծախ, շուկաներ մասնակիցների մուտք, ամսական առևտրից անցում ժամայինի:
Վերականգնվող էներգետիկան ևս սկսել է զարգանալ: Երկրում արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում 2003-ի 3.2 տոկոսի փոխարեն արդեն 12,6 տոկոսը բաժին է ընկնում վերականգնվող էներգետիկային: Հայաստանի բոլոր բնակավայրերն ապահովված են շարժական կապով: Միջազգային IP հոսքերն ավելացել են 14 հազար 800, գինը նվազել 10 հազար 700 անգամ: Բավականին բարդ է հավասարակշռել պետության, մասնավորի և սպառողի շահերի ոսկե միջինը,- ասում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Հանձնաժողովի կարևորագույն գործառույթներից մեկն այն է, որ այդ հավասարակշռված վերաբերմունքը սպառողի, բիզնեսի, մատակարարների նկատկմամբ նաև ունենա մեկ բաղադրիչ. դա համակարգերի զարգացումն է, որը հնարավորություն է տալիս նաև, որ երկրում համակարգերը արդիական լինեն, անվտանգ շահագործվեն ու նաև, բնականաբար, էֆեկտիվ լինեն:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ևս բարեփոխումների ճանապարհին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողքին է:
Ուիլյամ Լեյթինեն (ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան) - Հայաստանի էներգետիկան և ջրի ոլորտները մեծապես կախված են կարգավորման մեխանիզմներից: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի կառավարությունը պարտավորություններ է ստանձնել, իսկ մենք պատրաստ ենք աջակցել: