Հայաստանում թղթի դեֆիցիտ այլևս չկա, բայց ներկրվում է ավելի թանկ: Միջազգային շուկայում թղթի գինը, հումքով պայմանավորված, 30-50 տոկոսով բարձրացել է: Եվ այդ է պատճառը, որ Հայաստանում թուղթ ներկրողներից շատերը ստիպված են տպագրական ծառայությունների սակագները բարձրացնել: Ընդ որում՝ թանկացել է ոչ միայն պատճենահանման համար նախատեսված A4 ֆորմատի, այլև պոլիգրաֆիական, շատերին հայտնի՝ գրքի թուղթը:
Արմեն Մարտիրոսյան («Անտարես մեդիա հոլդինգի» հիմնադիր-տնօրեն) - Պատերազմի սկզբից սկսած, քանի որ շատ ընկերություններ մատակարարումը ստանում էին Ռուսաստանից, իսկ էնտեղ սպիտակեցնելու նյութերը դեռ չկան, ապա այնտեղ էլ սկսեցին խնդիրներ՝ հատկապես A4 թղթերի հետ կապված: Ես կարծում եմ՝ 1-2 ամիս հետո թղթերն առնվազն երկու անգամ թանկացում կապահովեն:
Ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին տրանսպորտային լոգիստիկ շղթան խախտվել է. որոշ երկրներում անգամ թուղթ արտադրող ընկերություններն են գործադուլ հայտարարել. սրանք գնի բարձրացման հիմնական պատճառներից են: Արմեն Մարտիրոսյանն ասում է՝ վերջին երեք տարում սակագները պարբերաբար 5 տոկոսով բարձրացրել են: Իրենք փորձել են մի արտադրանքից ստացած շահույթի հաշվին մյուսի գինը կայուն պահել:
Արմեն Մարտիրոսյան - Քանի որ առաջարկը քիչ է, ու գները թանկ են, թղթի գինը շատ մեծ դեր չէր խաղում, իսկ հիմա կսկսի խաղալ ինքն էլ իր դերը, և ընդհանուր զսպիչ ուժերը արդեն չեն կարող զսպել գները, և կարծում եմ՝ 1-2 ամսվա մեջ առնվազն 20-30 տոկոս գրքերի գները համատարած կսկսեն բարձրանալ:
Հայաստանը թուղթ ներկրում է ոչ միայն Ռուսաստանից, այլև Իտալիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից ու Գերմանիայից, ստվարաթուղթ՝ հիմնականում Սլովենիայից և Չինաստանից: «Մարի» տպագրատունը, որ համեմատաբար նոր է այս ոլորտում, փորձում է հաղթահարել վերջին ամիսների դժվարությունները: Տպագրում են հիմնականում զարգացնող խաղեր, մանկական գրքեր ու շահույթի հաշվին կայուն պահում գները:
Մարիամ Մելքոնյան («Մարի» տպագրատան տնօրեն) - Հիմա էլ բավականին ծանր իրավիճակ է շուկայում, միայն թղթի գինը չէ, որ բարձրացել է, բարձրացել են տպագրական ներկերի արժեքը, բարձրացել է սարքավորումների մասերի գինը, թղթի գինը կրկնակի թանկացել է, բայց մենք դեռևս պահպանում ենք գները և դեռևս չենք գնա, որ կթանկացնենք ինչ-որ բան:
Մարիամ Մելքոնյանը պոլիգրաֆիական թուղթ գնում է հայ ներկրողներից և հույս ունի, որ դոլարի արտարժույթի նվազմամբ գները կնվազեն ու տպագրատունը ստիպված չի լինի թղթի պատճառով շաբաթներով կամ ամիսներով փակել, հաճախորդ կորցնել:
Մարիամ Մելքոնյան - Չենք կանգնել, եղել է, որ ավելի բարձր գնով ենք ձեռք բերել, օրինակ, եղել է, որ 80 գրամանոց օֆսեթ թղթի փոխարեն, որի վրա աշխատանքային տետրերն ենք հիմնականում հրատարակում, մենք ստիպված ենք եղել վերցնել 70 գրամանոցը: Այսօր էլ կան թղթի որոշ տեսակներ, որոնք չկան մատակարարների մոտ, մենք չենք կարողանում դրանք ձեռք բերել, բայց հուսանք, որ կկարգավորվի ամեն ինչ:
Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանում ստանալ չհաջողվեց: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից նշեցին՝ քանի որ ոլորտում գերիշխող դիրք ունեցողներ չկան, ուսումնասիրություններ չեն իրականացնում: Պետական եկամուտների կոմիտեից էլ տեղեկացրին՝ Հայաստանում Ա4 ֆորմատի թղթի ներմուծման մասով որևէ սահմանափակում չկա, մաքսային ընթացակարգով որևէ փոփոխություն կամ նորամուծություն, արգելք չկա: 2021-ին Հայաստան է ներմուծվել ավելի քան 1 միլիոն տոննա թուղթ, ստվարաթուղթ և մանրաթելից պաստառ՝ ընդհանուր 2.3 միլիոն դոլար արժեքով: Ըստ վիճակագրության՝ տարեցտարի այս թիվն աճում է: