Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 2-ին ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Տարո Հոնդայի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը և Հակոբ Ասլանյանը:
Այս տարի լրանում է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ երկու երկրների միջև ձևավորված են սերտ, բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն և ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի ներդրումն աշխարհում խաղաղության հաստատման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, աղետների կանխարգելման և մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում:
Խոսելով միջխորհրդարանական կապերի ամրապնդման մասին՝ ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական բարեկամական խմբերն արդյունավետ կհամագործակցեն և նոր լիցք կհաղորդեն երկկողմ հարաբերություններին: Անդրադարձ է եղել միջազգային կազմակերպություններում արդյունավետ համագործակցությանը:
Տարածաշրջանային խնդիրների համատեքստում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է Ճապոնիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում և ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու հանձնառությունը:
Նա շեշտել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը և խաթարել կայունությունը տարածաշրջանում. ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում: Չլուծված է մնում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց խնդիրը: ԱԺ փոխնախագահը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:
ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, տնտեսական կապերի աշխուժացմանը, հայ և ճապոնացի ժողովուրդների մշակութային երկխոսության ամրապնդմանն ուղղված քայլերին:
Բարեկամական խմբի ղեկավարը եւս պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը, կարևորել տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը: Մշակութային կապերի սերտացման համատեքստում Բաբկեն Թունյանը կարևորել է ապրիլի 15-ին Ազգային ժողովի այգում Հանամիի տոնը նշելը, որը հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամությունն ու մշակութային երկխոսությունը հավաստող եւս մեկ վկայություն է:
Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալն իր հերթին շեշտել է, որ Հայաստանն իրենց համար կարևոր գործընկեր է եւ՛ երկկողմ, եւ՛ միջազգային համագործակցության համատեքստում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Տարո Հոնդան նշել է, որ իր երկիրը 44-օրյա պատերազմի օրերին կողմերին խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու կոչ էր արել: Նա ընդգծել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու կարևորությունը:
Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և Ճապոնիայի միջև երկկողմ կապերի զարգացման դրական դինամիկան, անդրադարձել առևտրատնտեսական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին:
Նշվել է, որ հատկապես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում առկա են համագործակցության լայն հնարավորություններ: