ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի նախագիծը: Այն ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Նախ անդրադարձ է կատարվել անձի ֆունկցիոնալության գնահատման ներկայիս համակարգին, առկա խնդիրներին ու թերություններին, հաշմանդամության փորձաքննության գործընթացին, մատուցվող ծառայություններին, երաշխիքներին, ինչպես նաև սոցիալական պաշտպանությանը:
Նշվել է, որ հաշմանդամության քաղաքականության փոփոխության նոր մոդելը նախատեսում է առավել հասցեական մոտեցում ցուցաբերել հաշմանդամություն ունեցող անձանց՝ հաշվի առնելով նաև ընտանիքների հնարավորություններն ու կարողությունները: Բացի դրանից՝ նախատեսվում է Միասնական սոցիալական ներկայիս 34 ծառայությունների փոխարեն այդ թիվը հասցնել 49-ի, բարելավել վերջիններիս ենթակառուցվածքներն ու ներգրավել մասնագիտական նոր կարողություններ:
Այնուհետև անդրադարձ է կատարվել մոդելի ներդրման «ճանապարհային քարտեզի», ինչպես նաև նոր համակարգից ակնկալվող արդյունքներին: Զեկուցվել է, որ մոդելը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը:
Ամփոփելով քննարկումները՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց հանրային կյանքում ներգրավվածության ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումն ու հասցեական աջակցության ապահովումը:
Միաժամանակ, Կառավարության ղեկավարը հանձնարարել է խորհրդակցության ընթացքում ներկայացված գաղափարներն ու առաջարկությունները, որոնք միտված են մոդելի արդյունավետության բարձրացմանը, ներառել նախագծում՝ լրամշակելով այն: