ԶԵԼԵՆՍԿՈՒՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ԶԳՈՒՅՇ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ. ԲԱՀՉԵԼԻ
Թուրքիայի գործողությունները երկակի ստանդարտների օրինակ են` հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին Հունաստանի հանրային հեռարձակողի եթերում։
«Թուրքիան, մի կողմից, հանդես է գալիս որպես միջնորդ և աջակցում է Ուկրաինային, իսկ մյուս կողմից՝ զբոսաշրջային երթուղիներ է պատրաստում՝ հատուկ ռուսական զբոսաշրջության համար»,- դժգոհություն է հայտնել Ուկրաինայի նախագահը։
Նրա կարծիքով՝ նման գործելաոճն անարդար է ու անընդունելի, եթե Թուրքիան և Ուկրաինան ցանկանում են բարեկամական հարաբերություններ ունենալ։ Զելենսկին թուրքական իշխանություններին կոչ է արել ընտրություն կատարել։
Թուրքիայի արձագանքը երկար չի սպասեցրել․
«Զելենսկուն հորդորում ենք զգույշ արտահայտվել»,- հայտարարել է «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի Անկարայի նկատմամբ։
«Թուրքիան այսօր միակ երկիրն է, որը ձգտում է կարգավորել պատերազմը։ Զելենսկին պետք է վստահի մեր ազգին, ոչ թե Հունաստանին»,- համոզմունք է հայտնել Բահչելին։
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐԵԼ ԵՎՐՈՅՈՎ
Եվրամիությունը չի խուսափի ռուսական նավթի հնարավոր էմբարգոյի բացասական ազդեցությունից։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը։
«Դա կհանգեցնի ինֆլյացիայի և էներգակիրների գների աճի։ Մենք՝ որպես ԵՄ, պատրաստ ենք աջակցելու Ուկրաինային, բայց դա իր գինն ունի»,- նշել է Ռոբերտ Հաբեքը։
Նախարարի խոսքով՝ Գերմանիան կշարունակի ռուսական գազի դիմաց վճարել եվրոյով՝ ԵՄ կանոնակարգերին և պայմանագրերին համապատասխան։
Ավելի վաղ երկրի նախարարների կաբինետի խոսնակ Շտեֆեն Հեբեշտրայտը հայտնել էր, որ հնարավոր էմբարգոն կիրականացվի աստիճանաբար, պնդել՝ ռուսական նավթի մատակարարումներից անմիջապես հրաժարվել հնարավոր չէ։
ՈՒԿՐԱԻՆԱՆ ՇՈՒՐՋ 500 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ Է ՍՏԱՑԵԼ
Ուկրաինան շուրջ 500 միլիոն եվրոյի դրամաշնորհ է ստացել Ավստրիայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից՝ հայտնել է երկրի ֆինանսների նախարարը։
«Կիևը միջոցներ է ստացել Համաշխարհային բանկի դոնորներից՝ որպես Ուկրաինայի տնտեսության վերականգնման ծրագրի վարկային քաղաքականության մաս»,- պարզաբանել է Սերգի Մարչենկոն։
Նրա խոսքով՝ մոտ ապագայում ԱՄՆ-ը ևս 500 մլն դոլարի դրամաշնորհային աջակցություն կտրամադրի Ուկրաինային։
Ավելի վաղ Կիևի իշխանությունները հայտարարել էին, որ ամսական մոտ 5 միլիարդ դոլարի աջակցության կարիք ունեն։
ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՆՁՆԵԼ Է ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿԻ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԸ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ԵՄ պատվիրակության ղեկավար Կարլ Հարցելին է հանձնել Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցաթերթիկի առաջին մասը, որը վերաբերում է երկրում սահմանադրական կարգին, հայտնում են կառավարության վարչակազմից։
«Հարցաշարի երկրորդ մասն էլ Թբիլիսին ցանկանում է փոխանցել ԵՄ-ին մինչև մայիսի 13-ը», - հավելել է վարչապետը։ Այն հիմնականում վերաբերում է պետական հաստատություններում առկա իրավիճակին։
Ակնկալվում է, որ անդամակցության հարցով որոշումը պետք է կայացվի մինչ հունիսի վերջ։
ԷՐԴՈՂԱՆՆ ԻՐԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Նա ընդգծել է «իսլամական երկրների և միջազգային կառույցների օժանդակությամբ Պաղեստինի ժողովրդի դեմ հարձակումները դադարեցնելու» անհրաժեշտությունը:
Ռայիսին շեշտել է, որ Իրանը ցանկանում է խորացնել տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ հարաբերությունները տարբեր ոլորտներում:
Էրդողանն էլ Իրան այցելելու ցանկություն է հայտնել: Թուրքական կողմն այդ այցի ընթացքում պատրաստվում է քննարկել երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող մի շարք հարցեր:
ԵՎՐՈՊԱՆ ՄԵՂՄԱՑՆՈՒՄ ԵՎ ՉԵՂԱՐԿՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Վրաստանում մայիսի 2-ից դիմակ կրելն այլևս պարտադիր չէ փակ տարածքներում՝ բացառությամբ բժշկական հաստատությունների և հասարակական տրանսպորտի։
Իտալիայում էլ մայիսի 1-ից չեղարկվել են մարդաշատ վայրեր այցելելու համար անհրաժեշտ քովիդ-վկայականները՝ երկու բացառությամբ։ Մինչև մայիսի վերջ սանիտարական անձնագրեր կպահանջվեն միայն երկիր մուտք գործելու, իսկ մինչև դեկտեմբերի 31-ը բուժհաստատություններ և ծերանոցներ այցելելու համար։
Բուլղարիան նույնպես չեղարկել է երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ «կանաչ վկայականները», դիմակ կրելը պարտադիր չէ, հանրային միջոցառումների մասնակցության սահմանափակումներ չկան։
Հունաստանում մինչև օգոստոսի 31-ը հանվել են հակաքովիդային սահմանափակումները։ Երկիր մուտք գործելու և հանրային վայրեր այցելելու համար պատվաստման վկայականներ և ՊՇՌ թեստ չեն պահանջվի։ Մինչև մայիսի 31-ը փակ տարածքում դիմակ կրելը պարտադիր է։
Խորվաթիայի իշխանություններն էլ են հայտնել երկիր մուտքի սահմանափակումները հանելու մասին։
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԽՍՏԱՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մինչ այդ Չինաստանի մի շարք շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Պեկինում, խստացումները շարունակվում են՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Դպրոցները հիմնականում անցնում են հեռավար ուսուցման ռեժիմի: Ավելի վաղ Պեկինի իշխանությունները կարգադրել էին բնակչության զանգվածային թեստավորում անցկացնել, իսկ երկրի որոշ բնակավայրերում լոքդաուն է հայտարարվել։