Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց ուսուցիչների ատեստավորման գործընթացով։
Զեկուցվեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանում նախորդ տարի շուրջ 478 ուսուցիչ է հաղթահարել նախատեսված նվազագույն շեմը։
Երևանի քաղաքապետը հանձնարարեց խրախուսել ուսուցիչներին, որպեսզի նրանք անցնեն ատեստավորում և ստանան ավելի բարձր աշխատավարձ։
«Ստացվում է, որ այս պահի դրությամբ նրանց բարձր աշխատավարձը կախված է լինելու իրենցից»,- ասաց քաղաքապետը։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ից արդեն ատեստավորված 478 ուսուցչի դրույքաչափը կհաշվարկվի մեկ դրույքը 200 հազար դրամի չափով, որի նկատմամբ կհաշվարկվի նաև հավելավճարը, 30 տոկոսը՝ 60 հազար դրամի չափով, 40 տոկոսը՝ 80 հազար դրամի չափով, 50 տոկոսը՝ 100 հազար դրամի չափով։
Այսպես, ատեստավորման ընթացքում հավաքած միավորներով և տարակարգի սանդղակի կիրառմամբ կամավոր ատեստավորման միջոցով ուսուցիչը կարող է ստանալ 400 հազար դրամ աշխատավարձ: