Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների տեղահանված բնակիչների համար հիմնականում նոր թաղամասեր են կառուցվում: Ասկերանի շրջանի օկուպացված Ակնաղբյուրի բնակիչները կհաստատվեն Քռասնի գյուղում, որտեղ կառուցվում է եռահարկ 12 շենք:
Արցախ Բաբայան (ճարտարապետ) - Յուրաքանչյուր շենք ունի 3 մուտք, եռահարկ են և նկուղային հարկով: Յուրաքանչյուր մուտքում առկա են երկուական բնակարաններ, այսինքն՝ ամեն հարկում երկու բնակարան: Ստացվում է, որ ամեն մուտքում կլինի 6 բնակարան:
Շինարարությունը մեկնարկել է 2021-ի հոկտեմբերին: Թաղամասը կլինի 3 տարբեր հարթակում՝ ամեն հարթակում նախատեսվում է 4-ական եռահարկ: Այժմ կապալառու կազմակերպությունը ավարտին է հասցնում հողային աշխատանքը՝ զուգահեռ շարունակելով երկաթբետոնե հիմքերի կառուցումը:
Արայիկ Աբաղյան (կապալառու ընկերության տնօրեն) - Աշխատանքները գնահատում եմ լավ, բոլոր աշխատանքները՝ ըստ ժամանակացույցի: Մենք ունենք արդեն պատրաստի երկու շենքի հիմք՝ համար 9 և 12 շենքերի: Այս պահի դրությամբ աշխատում ենք համար 5, 10 և 11 շենքերի հիմքերի վրա:
Ակնաղբյուրցիների համար նոր թաղամասի շինարարությունն իրականացվում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվերով: Նախարար Հայկ Խանումյանի խոսքով՝ փոքր համայնքների համար առանձին թաղամասեր հավանաբար չկառուցվեն:
Հայկ Խանումյան (Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Այդպիսի համայնքներ էլ կան, որոնց բնակատեղին դեռ հստակեցված չէ, բայց դրան զուգահեռ՝ կան մի քանի հարյուր բնակարան, որ դեռ պարզ չէ՝ ում կարելի է ենթադրել: Հետևաբար՝ բազմաթիվ փոքրիկ համայնքների հարցը, որոնք բաղկացած են մի քանի տասնյակ տներից, կարող է լուծվել հընթացս՝ առանց նույնիսկ ծրագրելու, որովհետև, ենթադրենք, Քռասնի մի հարյուր բնակարան ավելի է նախատեսվում ծրագրվածից, հետևաբար, նմանատիպ հարցերը հընթացս լուծում ստանալու են:
Շինարարության համար հատկացվել է 10 հեկտար տարածք: Քաղաքատիպ թաղամասում կլինեն կանաչ գոտիներ, ժամանցի կազմակերպման հնարավորություններ:
Արցախ Բաբայան - Յուրաքանչյուր հարթակում՝ 4 շենքի բակում, նախատեսվում են պուրակներ, որտեղ առկա են թե՛ մեծերի հանգստի կազմակերպման, և թե՛ մանուկների, ասենք, խաղահրապարակներ: Կլինեն տաղավարներ, շվաքարաններ, մեծահասակների համար հավաքվելու տեղ:
Եռահարկ շենքերից ոչ հեռու Քռասնու նոր թաղամասում երկրորդ փուլով նախատեսվում է կառուցել հասարակական նշանակության շենք-շինություններ և առանձնատների մեկ փողոց: