Աշխատողների առողջության ու անվտանգ պայմանների հսկողությունից մինչև աշխատանքի իրավունքի այլ կարգավորումներ: Նախորդ տարվանից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործառույթներն ընդլայնվել են:
Իգիթ Հակոբյան (ՀՀ ԱԱՏՄ տեսչական մարմնի օրենսդրության վերահսկողության վարչության պետ) - Նախկինում, 2014-ից ի վեր, աշխատողները հնարավորություն են ունեցել իրենց աշխատանքային իրավունքը իրացնել միայն դատական կարգով: Ներկայումս՝ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո, արդեն տեսչական մարմինը հնարավորություն է ստացել աշխատանքային օրենսդրության նկատմամբ ամբողջական վերահսկողություն իրականացնել:
Թեժ գծի, էլեկտրոնային փոստի, առձեռն կամ employeeprotect.am այս հարթակի միջոցով քաղաքացիները ներկայացնում են աշխատանքային իրավունքների խախտման դիմում-բողոքներ: 2020-ին տեսչական մարմինը ստացել է 93, 21-ին՝ 272, 2022-ի առաջին եռամսյակում մոտ 100 դիմում-բողոք:
Իգիթ Հակոբյան - Վերլուծությունը ցույց է տալիս, որ դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են վերջնահաշվարկի չկատարմանը, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձ չվճարելուն:
Իրավախախտումը հայտնաբերելուց հետո գործատուին տրվում է ողջամիտ ժակետ՝ այն վերացնելու համար, զուգահեռ նաև վարչական իրավախախտումների գործի քննություն է սկսվում, և հաստատման դեպքում վարչական պատասխանատվություն է նշանակվում: Բացի դիմում բողոքներից՝ տեսչական մարմինը իրավասու է նաև իր նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթներ, կամ ըստ անհրաժեշտության ստուգումներ իրականացնել: Այս տարվա առաջին եռամսյակում 330 վարչական վարույթ է հարուցվել՝ միայն 93-ը դիմում բողոքների հիման վրա:
Իգիթ Հակոբյան - Հարուցված վարչական վարույթներով տրվել է 28 կարգադրագիր: 232-ը կարճվել են, այդ թվում 40-ը՝ դիմումից հրաժարվելու հիմքով: Կարևոր է նշել, որ քաղաքացիները իրենց դիմումներից հիմնականում հրաժարվում են, քանի որ ընթացիկ տեսչական մարմնի ներգործության արդյունքում տնտեսվարողները միջանկյալ վարչական վարույթին զուգահեռ վերականգնում են իրենց խախտված իրավունքները:
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշում է՝ նախատեսում են օրենսդրական բարեփոխումներ, որ տեսչական ստուգումները ավելի հարթ ու անխոչընդոտ լինեն: Տիգրանյանը գործատուին 3 օր առաջ ստուգման մասին տեղեկացնելու օերնսդրական պահանջն է օրինակ բերում, որն ըստ նրա՝ պետք է վերանայել:
Հերիքնազ Տիգրանյան (ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ենթադրենք՝ թաքնված աշխատուժի բացահայտումն ինչպես կընթանա, եթե երեք օր առաջ ծանուցումը տրվի. ստուգման օրվա դրությամբ գործատուն այլևս որևէ թաքնված աշխատող գործատեղում չի ունենա:
Պատգամավորն ընդգծում է՝ օրենսդրական փոփոխության նպատակը ոչ թե գնալ-գտնել ու գործատուին պատժելու մեջ է, այլ ընդհանուր պատկերը ստանալու:
Հերիքնազ Տիգրանյան - Մենք ինչքան ունենք իսկապես ստվերային աշխատողներ կամ չձևակերպված թաքնված աշխատողներ, ահա նման փոքր օրենսդրական խնդիրներ կան:
Այլ փոփոխություններ ևս նախատեսում են: Աշխատանքային իրավունքների խախտումները բացառելու ու քաղաքացիների իրավագիտակցությունը բարձրացնելու համար տեսչական մարմինը նախաձեռնել ու իրականացնում է նաև իրազեկման արշավներ: