ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 2-ին նշել է հիմնադրման 25-ամյակը:
Տոնական միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Կառավարության ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ հանրային ծառայության կարգավորումն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն, և հանձնաժողովի գործունեությունն առնչվում է երկրի յուրաքանչյուր քաղաքացուն, յուրաքանչյուր տնտեսվարողին, պետության շահերին:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է հանձնաժողովի կարևոր դերակատարությունը պետության զարգացման գործում, որն, ըստ էության, կատարում է հանրության, բիզնեսի և Կառավարության միջև կարգավորող դեր:
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ շատ ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, փոստային, ջրային, հեռահաղորդակցության ոլորտները, պետության ուղիղ ներազդումը շատ ռիսկային է, որովհետև այստեղ ներկայացված են հանրային, բիզնես և պետական շահերը: «Հանձնաժողովի գործունեությունն այս տեսանկյունից մեծապես կարևորվում է»,- նշել է Հակոբ Արշակյանը:
Բարձր գնահատելով հանձնաժողովի ներկա նախագահի ու անդամների գործունեությունը՝ ԱԺ փոխնախագահը մաղթել է նորանոր հաջողություններ կարևոր դերակատարման մեջ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, ներկայացրել է կառույցի 25-ամյա գործունեությունը: