ԵՄ-ՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԱՎԹԻ ԷՄԲԱՐԳՈՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է
ԵՄ-ում ռուսական նավթի էմբարգո սահմանելու հարցը քննարկման փուլում է, այն կարող է ներառվել պատժամիջոցների վեցերորդ փաթեթում։ Սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել՝ հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի խոսնակը։
«Ներմուծման հնարավոր սահմանափակումը կիրականացվի աստիճանաբար։ Ռուսական նավթի մատակարարումներն անմիջապես չեն դադարեցվի։ Հարցի քննարկումը ոչ ոք չի դանդաղեցնում», - հստակեցրել է Շտեֆեն Հեբեշտրայտը։
Նրա խոսքով՝ հակառուսական պատժամիջոցները վերացնելու մասին հնարավոր կլինի խոսել միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքման դեպքում։
«Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման վտանգ կա», - զգուշացրել է պաշտոնյան։
ՖՐԱՆՍԻԱՆ ԿՈՂՄ Է ԳԱԶԻ ԴԻՄԱՑ ԵՎՐՈՅՈՎ ԿԱՄ ԴՈԼԱՐՈՎ ՎՃԱՐԵԼՈՒՆ
Ֆրանսիայի իշխանությունները հանդես են գալիս ռուսական գազի դիմաց եվրոյով կամ դոլարով վճարելու օգտին։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոլոգիայի նախարարը։
«Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստանին և Բուլղարիային, քանի որ նրանք հրաժարվել են վճարել ռուբլով։ Մենք մտադիր ենք համերաշխություն հայտնել մեր եվրոպացի գործընկերներին», - վստահություն է հայտնել Բարբարա Պոմպիլին:
Նրա խոսքով՝ էներգետիկայի հարցերով պատասխանատու ԵՄ նախարարները կշարունակեն ընդհանուր քաղաքականություն մշակել՝ ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու համար։
«Եվրոպացիներն արդեն սկսել են համապատասխան աշխատանքները»,- ընդգծել է նախարարը։
Այսօր Բրյուսելում նախատեսված է Եվրամիության՝ էներգետիկայի ոլորտի ներկայացուցիչների խորհրդի արտահերթ նիստը։
ՏԻՐԱՍՊՈԼԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔԻՇՆԵՎԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ. ԻԳՆԱՏԵՎ
Տիրասպոլին ուղղված ռազմատենչ հայտարարությունները չեն նպաստում Մերձդնեստրի և հարևան երկրների անվտանգության ամրապնդմանը․նման կարծիք է հայտնել արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատևը՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսի Արեստովիչի հայտարարությունը, թե ուկրաինական բանակը կարող է գրավել Մերձդնեստրը, եթե Քիշնևը դիմի այդպիսի խնդրանքով։
«Իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ հատկապես հաշվի առնելով Ուկրաինայի կողմից սահմանի փակումը»,- նշել է Իգնատևը։
Նախարարի համոզմամբ՝ Մերձդնեստրում ահաբեկչությունների հիմնական նպատակը բնակչության շրջանում խուճապ առաջացնելն էր։ «Տիրասպոլը պատրաստ է Քիշնևի հետ երկխոսության, սակայն Մոլդովայի իշխանությունները պետք է հրաժարվեն շանտաժի լեզվով խոսելուց»,- պնդել է Իգնատևը:
Նախարարի խոսքով՝ Քիշնևը պետք է հասկանա, որ Մերձդնեստրի հետ հարաբերություններում «շրջափակման» քաղաքականությունը հանգեցնում է էսկալացիայի և ձեռնտու է այն ուժերին, որոնք ցանկանում են ապակայունացնել իրավիճակը Դնեստրի ափերին։
ՎՐԱՍՏԱՆԻՆ ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏԱ ՆԵՐՔԱՇՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ
Ուկրաինայում տնտեսության անկումը կազմում է 45%. սա աղետ է, հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահը՝ հավելելով, որ լարված է իրավիճակը նաև քաղաքական դաշտում: Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ իրենց չեն ցանկանում ուկրաինական իրադարձությունների կրկնություն Վրաստանում:
Նա նշել է, որ Վրաստանը պատերազմի մեջ ներքաշելու սցենարը մշակել է «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը՝ դեռ նախքան ռազմական գործողությունների սկսվելը։
Վրաստանի վարչապետը և նախարարների կաբինետի անդամները բազմիցս հայտարարել են, որ թույլ չեն տա Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ և երկրորդ ճակատ բացել երկրի տարածքում։ Տեղի իշխանությունները նաև հայտարարել են, որ չեն միանա Ռուսաստանի դեմ միջազգային այն պատժամիջոցներին, որոնք կվնասեն վրաց ժողովրդին ու երկրի տնտեսությանը։
ԵՎՐՈՊԱՆ ՄԵՂՄԱՑՆՈՒՄ ԵՎ ՉԵՂԱՐԿՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Իտալիայում մայիսի 1-ից չեղարկվել են մարդաշատ վայրեր այցելելու համար անհրաժեշտ քովիդ-վկայականները՝ երկու բացառությամբ։ Մինչև մայիսի վերջ սանիտարական անձնագրեր կպահանջվեն միայն երկիր մուտք գործելու, իսկ մինչև դեկտեմբերի 31-ը բուժհաստատություններ և ծերանոցներ այցելելու համար։
Բուլղարիան նույնպես չեղարկել է երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ «կանաչ վկայականները», դիմակ կրելը պարտադիր չէ, հանրային միջոցառումների մասնակցության սահմանափակումներ չկան։
Հունաստանում էլ մինչև օգոստոսի 31-ը հանվել են հակաքովիդային սահմանափակումները։ Երկիր մուտք գործելու և հանրային վայրեր այցելելու համար պատվաստման վկայականներ և ՊՇՌ թեստ չեն պահանջվի։ Մինչև մայիսի 31-ը փակ տարածքում դիմակ կրելը պարտադիր է։
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԽՍՏԱՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մինչ այդ Չինաստանի մի շարք շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Պեկինում, խստացումները շարունակվում են՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Դպրոցները հիմնականում անցնում եմ հեռավար ուսուցման ռեժիմի: Ավելի վաղ Պեկինի իշխանությունները կարգադրել էին բնակչության զանգվածային թեստավորում անցկացնել, իսկ երկրի որոշ բնակավայրերում լոքդաուն է հայտարարվել։