«Եվրամիության երկրները ամռանը կհրաժարվեն ռուսական ածուխ ներկրելուց։ Իսկ մինչև տարեվերջ Եվրոպան նախատեսում է հրաժարվել նաև ռուսական նավթից։ Բացի դրանից՝ ԵՄ-ն պատրաստվում է կտրուկ նվազեցնել ռուսական գազի ներկրումը: Եվրամիությունն իր անդրատլանտյան գործընկերների հետ աննախադեպ պատժամիջոցներ է ընդունել Ռուսաստանի դեմ»: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Indian Express-ի հետ հարցազրույցում: Նա նշել է, որ շատ երկրներ են միացել ռուսական էներգակիրների դեմ պատժամիջոցներին՝ չնայած ծագած անխուսափելի տնտեսական ծախսերին։
Կանցլերը պնդել է, որ Բեռլինը կշարունակի ֆինանսական, մարդասիրական, նաև ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային: Չնայած Շոլցի այդ հայտարարությանը՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը Գերմանիայի իշխանություններին կոչ է արել ավելի վճռական գործել Կիևին օգնելու և հակառուսական պատժամիջոցների վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցում։
«Գերմանիան ԵՄ ամենաանվճռական երկրներից մեկն է։ Բեռլինը պետք է վերացնի Կիևին բոլոր սպառազինությունների մատակարարման հետ կապված խոչընդոտները և աջակցի Ուկրաինային՝ Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցում»,- համոզմունք է հայտնել Դմիտրո Կուլեբան։