Մինչ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակները պայքարում էին ադրբեջանցի ու թուրք պատգամավորների ստի դեմ, Երևանի փողոցները պայքարի ճակատ էին դարձել իշխանությունից դժգոհ ուժերի համար:
Փողոցային ակցիաներ սկսած ընդդիմությունը խոստացել էր մայիսի 1-ից պայքարը որոշիչ փուլ տեղափոխել, և այսօր կայացավ Դիմադրություն շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման կորիզը խորհրդարանական ընդդիմությունն է, գլխավոր դժգոհությունը հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման ուղղությամբ Կառավարության քայլերն ու Արցախի հարցի շուրջ, իրենց համոզմամբ, Երևանի պարտվողական կեցվածքը:
Հանրահավաքի ղեկավարները հավաքվածներին հորդորել են տուն չգնալ, մնալ Բաղրամյան, Մաշտոց պողոտաների հատման կետում տեղադրված վրաններում: Վաղը առավոտյան սկսելու են մասշտաբային անհնազանդության ակցիաներ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան