Աղոթքով և օրհնությամբ սկսվեց Արենի խոշորացված համայնքի համանուն գյուղի մանկապարտեզի հիմնարկեքի արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ Արենիի համայնքի ղեկավարը:
Հուսիկ Սահակյան (Արենի խոշորացված համայնքի ղեկավար) - Տասնյակ տարիներ երազանքից հետո իրականություն է դառնում Արենի բնակավայրում մանկապարտեզի կառուցումը: Իրականություն է դառնում GHM Armenia զարգացման հիմնադրամի և հատկապես մեր հայրենակցուհի՝ բարերար Լիզա Գրիգորյանի բարեգործության, հայրենասիրության շնորհիվ:
Մանկապարտեզը կարժենա ավելի քան 1.2 մլրդ դրամ: Գումարն ամբողջությամբ կներդնի բարերարը. երկու մասնաշենք՝ 100-ից ավելի երեխաների համար, որոնք կստանան նախակրթական անհրաժեշտ գիտելիք: GHM Armenia հիմնադրամի տնօրեն Մարո Մաթոսյանի խոսքով՝ կահույքով և անհրաժեշտ այլ իրերով մանկապարտեզն ապահովված է լինելու, հարմարություններ կլինեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
Մարո Մաթոսյան («Ջի Էյջ Էմ Արմենիա» զարգացման հիմնադրամի տնօրեն) - Մանկապարտեզը, ինչպես ասաց դպրոցի տնօրենը, շատ կարևոր հիմնաքար է երեխաների ուսուցման համար. իրենք սոցիալիզացվում են, սովորում են, պատրաստվում են դպրոցի համար, և, ամենակարևորը՝ որ այդ փոքր տարիքին իրենց ուղեղը զարգանում է: Սա շատ կարևոր քայլ է գյուղի համար:
Լաուրա Մաթևոսյան (բնակիչ) - Երևի շատ տարիներ Արենին մանկապարտեզ չի ունեցել: Ես որքան հիշում եմ՝ 70 տարեկան եմ, չեմ տեսել Արենիում մանկապարտեզ:
Շինաշխատանքն այսօրվանից մեկնարկեց: Համայնքի ղեկավարը բնակիչներին մի փոքր էլ համբերություն մաղթեց: Մանկապարտեզը շահագործման կհանձնվի 1.5-2 տարուց:
Հեղինակ՝ Էդուարդ Հովհաննիսյան