Ուկրաինայում խաղաղություն ապահովելու միակ ճանապարհը Կիևի ինքնիշխանության վերականգնումն է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան «Սինհուա» լրատվական գործակալության հետ հարցազրույցում։
«Ուկրաինայում երկարաժամկետ կայունություն ապահովելու միակ միջոցը միջազգայնորեն ճանաչված սահմաններով երկրի ամբողջ տարածքում ինքնիշխանության վերականգնումն է»,- նշել է Կուլեբան։
Նա հավելել է, որ Կիևը հույս ունի անվտանգության երաշխիքներ ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից, այդ թվում՝ Չինաստանից։
«Մենք Պեկինին առաջարկում ենք դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորներից մեկը, դա Չինաստանի նկատմամբ մեր հարգանքի և վստահության նշանն է»,- ասել է Ուկրաինայի գլխավոր դիվանագետը: Նա Պեկինից խնդրել է նաև հումանիտար օգնություն, երախտագիտություն հայտնել արդեն իսկ ցուցաբերված 5 մլն յուան օգնության համար:
Անդրադառնալով Ռուսաստանի հետ բանակցություններին՝ Կուլեբան նշել է, որ Ստամբուլի հանդիպումից հետո դրանք խիստ բարդացել են:
«Ստամբուլում Ուկրաինայի պատվիրակությունն առաջարկել է Ուկրաինայի անվտանգության միջազգային երաշխիքների մասին համաձայնագրի նախագիծ։ Ռուսական կողմն ընդունել է այդ առաջարկը լրացուցիչ ուսումնասիրության համար։ Ցավոք, դրանից հետո բանակցային գործընթացը շատ է բարդացել»,- հավելել է Կուլեբան։