Մայիսի 1-ին ընդառաջ զբոսայգիներում կարուսելների տեխնիկական վիճակի ստուգման, փորձաքննության ու վերջին շտկումների գործընթացն է:
Վահրամ Ներսեսյան (զբոսայգու տնօրեն) - Էս կարուսելը 10 տարուց ավելի է՝ կա, ամենօրյա հսկողությունը կա ինժեների, փականագործի կողմից գործարկումից առաջ, որպեսզի հանկարծ դժբախտ դեպքեր չգրանցվեն:
Փականագործ Սամվել Սանոսյանն արդեն 2 տասնամյակից ավելի է՝ կարուսելների սեզոնին օրը սկսում է ատրակցիոնների անվտանգության ստուգմամբ, որից հետո միայն թույլ է տալիս, որ երեխաները դրանցից օգտվեն:
Սամվել Սանոսյան (զբոսայգու փականագործ) - Կարուսելները սպասարկում ենք, նայում ենք, որ խնդիրներ չլինեն: Աշխատողները հենց մի կողմնակի ձայն են լսում, մեզ անմիջապես տեղյակ են պահում, գնում ենք նայում ենք, վերանորոգում:
30 տարեկան հսկան՝ «Սատանայի անիվը», ամենահին, բայց ամենապահանջված կարուսելն է, 30 մետր բարձրությամբ կարուսելն ամենօրյա աշխատանքի շնորհիվ հնարավոր է լինում անվտանգ շահագործել:
Վահրամ Ներսեսյան - Պահանջված է, բայց բոլոր հները պետք է փոխարինենք նոր կարուսելներով:
Սամվել Սանոսյան - Չկա մեխանիզմ, որ անսարքություն չունենա, եթե աշխատում է, պետք է մաշի, անսարքություն լինի:
Վահրամ Ներսեսյանի խոսքով՝ առավել ուշադիր են վտանգավորության բարձր աստիճան ունեցող կարուսելների դեպքում: Զբոսայգում առկա 60-ից 23-ը դրանց շարքին են դասվում. դրանք արտակարգ իրավիճակների նախարարության կողմից յուրաքանչյուր տարի փորձաքննության են ենթակվում:
Մարտին Ասլանյան (ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական լաբորատորիայի պետ) - Պարբերաբար իրականացվում է փորձաքննություն, ունենք 183 գրանցված ատրակցիոն, որից 23-ը գտնվում է «Հաղթանակ»-ում, 14-ը՝ Շիրակում, դրանք դրական եզրակացություն են ստացել: Որոշակի թերություններ են եղել, տրվել են միջոցառումների ծրագրեր դրանք վերացնելու վերաբերյալ, հետո կրկնակի ստուգումներ ենք արել:
Ըստ Կառավարության հաստատած կանոնակարգի՝ կարուսելների վտանգավորության չափորոշիչները 3-ն են՝ բարձրություն, արագություն ու պտտման անկյուն: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հավաստիացնում է՝ գործող կարուսելներն անվտանգ են ու պատրաստ սեզոնի բացմանը:
Մարտին Ասլանյան - Այնպիսի թերություններ են, որոնք վտանգ չեն ներկայացնում, այս պահին տեխնիկապես սպառնալիք չեն ենթադրում:
Զբոսայգու հնամաշ կարուսելները լիկվիդացվում ու նորերով են փոխվում՝ ասում է պատասխանատուն ու ցույց տալիս արված աշխատանքները: Այս տարի զբոսայգում 5 կարուսել ամբողջությամբ նորով է փոխարինվել:
Վահրամ Ներսեսյան - Բերել ենք նոր ատրակցիոններ, տեսեք՝ անցած տարի սա լրիվ ուրիշ տեսք է ունեցել:
Դժգոհություններ, վնասման դեպքեր արդյոք արձանագրվո՞ւմ են՝ պատասխանատուները մեկնաբանում են.
Վահրամ Ներսեսյան - Տարեկան 1-2 փոքր անսարքություններ լինում են, բայց վտանգավոր բաներ չեն եղել, քերծվածքներ-բան:
Մասնագետները վստահեցնում են՝ կարուսելների անվտանգությունը երաշխավորված է, զբոսայգիները պատրաստ են հյուրընկալելու երեխաներին: