Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հայազգի քանդակործ Թորոս Ռաստ-Կլանի հեղինակած և Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղադրված «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Օ-դը-Սեն դեպարտամենտի ղեկավարությունը, քաղաքապետեր, քաղաքային խորհուրդների անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
ՀՀ դեսպանը կարևորեց Ֆրանսիայի դերակատարումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում։ Նշվեց, որ Ֆրանսիայում ապաստան են գտել 20-րդ դարի առաջին ցեղասպանության արհավիրքներով անցած հազարավոր հայեր և նրանց սերունդները։
Այս համատեքստում դեսպան Տոլմաջյանն առանձնահատուկ ընդգծեց ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ, փաստաբան և նախկին նախարար Պատրիկ Դևեջյանի անգնահատելի ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգի առաջմղման, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, ինչպես նաև ժխտողականության դեմ պայքարում։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենան, Անտոնիի փոխքաղաքապետ, Անտոնիի «ֆրանս-հայկական ակումբի» նախագահ Վիսսամ Նեհմեն և Պատրիկ Դևեջյանի այրին՝ Սոֆի Դևեջյանը։ Արարողությանը ներկա էին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ու հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող «Հայաստանի Արծիվ» հուշակոթողի առջև ծաղկեպսակներ զետեղեցին նաև սենատոր Պիեռ Ուզուլիասը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Սոի քաղաքապետ Ֆիլիպ Լորանը, Շատենե-Մալաբրիի քաղաքապետ Կարլ Սեգոն, Բուրգ-լա-Ռենի քաղաքապետ Պատրիկ Դոնաթը, Վերիեր-լը-Բուիսոնի քաղաքապետ Ֆրանսուա Գի Տրեբուլեն և այլք։