Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խոցելի խմբերին ու հատկապես հղիներին հորդորում է պատվաստվել գրիպի դեմ:
Սվետլանա Գրիգորյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ) - Միանշանակ է, որ գրիպի կանխարգելման ամենաարդյունավետ և անվտանգ միջոցը սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն են, որոնք առաջարկվում են յուրաքանչյուր սեզոնին ընդառաջ:
Գրիպի սեզոնը սկսվում է հոկտեմբերին և տևում մինչև մայիս: Ընթացիկ սեզոնն էլ արդեն ավարտին է մոտենում, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է, թե հաջորդ սեզոնին գրիպի ինչ տեսակներ են շրջանառվելու, և դրանք համընկնում են այս սեզոնին շրջանառվողների հետ: Այսինքն՝ հիմա ստացած պատվաստումը կպաշտպանի նաև մյուս սեզոնին:
Սվետլանա Գրիգորյան - Կարևորվում են հղիների պատվաստումները, ինչու, որովհետև այստեղ երկու նպատակ ենք հետապնդում, որովհետև պատվաստվելով՝ հղին առաջինը՝ պաշտպանում է իրեն, որպեսզի ամբողջ հղիության ընթացքում չունենա որևէ բարդություն՝ կապված սեզոնային գրիպի հետ, և հաջորդիվ՝ պաշտպանում է նաև իր ապագա բալիկին, քանի որ պատվաստվելով՝ հակամարմինները և՛ ներարգանդային կյանքի ընթացքում, և՛ հաջորդիվ կրծքով կերակրման՝ կաթի միջոցով փոխանցվում է նորածնին:
Գրիպի դեմ պատվաստումը Հայաստանում 2016 թվականից ներառվել է պատվաստումների ազգային օրացույցում: Դրա նկատմամբ հղիների հետաքրքրությունը թեև տարեցտարի աճել է, դեռ շատ հեռու է բավարար լինելուց: Պատվաստվում է հղիների մինչև 10 տոկոսը:
Հասմիկ Սարիբեկյան (Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ծննդատան կանանց կոնսուլտացիայի վարիչ) - Գրիպի առաջին ախտանշաններից մեկը շնչարգելությունն է, երբ կանայք սկսում են դժվարաշնչություն ունենալ, դա արդեն պտղի համար հիպօքսիկ վիճակ է: Կարող է ունենալ հազ, որը էլի ամենահանդիպող սիմպտոմներից մեկն է, դա կարող է առաջացնել արդեն հղիության ընդհատման սպառնալիք: Գրիպը կարող է առաջացնել պտղաթաղանթների վարակ, որի պատճառով մենք ունենում ենք կամ գերջրություն, կամ սակավաջրություն, և նույնիսկ պտղապարկի վաղաժամ պատռում, որին ինքնըստինքյան հետևում է վաղաժամ հղիության ընդհատում, ինչպես նաև պտղի ներարգանդային թոքաբորբ:
Սարիբեկյանը նշում է՝ հղիների՝ գրիպով վարակվելու դեպքերի 1/3-րդը ավարտվում է թվարկված բարդություններից որևէ մեկով: Գրիպի դեմ պատվաստումը պարտադիր չէ: Իրենք հղիին առաջարկելով՝ մանրամասն ներկայացնում են պատվաստվելու և չպատվաստվելու հնարավոր բարդությունները: Բայց հղիները մեծ մասամբ հրաժարվում են, այն դեպքում, երբ պատվաստման հնարավոր բարդությունը տեղային ցավը, կարմրությունն են և թեթև գլխապտույտը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան