Վաղ առավոտից Հայաստանը դուրս է եկել համապետական շաբաթօրյակի: Երկիրն աղբից մաքրելու գործը, ըստ նախարար Սանոսյանի, երկամյա դադարից հետո կանոնակարգել են: Երևանի քաղաքապետարանն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մաքրությունը սկսեցին Հրազդանի կիրճից:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Հանրապետության բոլոր տարածքների համար կան նշանակված պատասխանատուներ, հիմնականում մարզպետարանների միջոցով, համայնք առ համայնք, բնակավայր առ բնակավայր: Առանձնացված են հուշարձանները, պահպանվող տարածքները, որտեղ պետք է մաքրություն իրականացվի:
Շաբաթօրյակը պատշաճ կազմակերպելու՝ վարչապետի հորդորից հետո Կառավարությունում մարզպետների մասնակցությամբ քննարկում է անցկացվել: Համայնքները ներկայացրել են աղբահանության կարիք ունեցող վայրերի ցանկը, գերատեսչությունները՝ շաբաթօրյակի մասնակիցների թիվը: Ամեն շաբաթ մեկ վարչական շրջանում շաբաթօրյակ կանցկացվի: Երևանը մաքուր պահելու հարցում քաղաքապետ Սարգսյանը կարևորում է հանրային տարածքների նկատմամբ բնակիչների վարքի փոփոխությունը:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Մեկ միլիոնից ավելի մարդ բնակվում է, եթե կեղտոտեն, էս պահին 500-ից ավելի հավաքարար ունենք, չեն հասցնելու մաքուր պահել: Ամեն կերպ մաքրությունն ապահովենք, օդի, ջրի աղտոտվածություն խնդիր ունենք, կոյուղու: Երևանյան լիճն ենք մաքրելու, աշխատանքներն ինտենսիվ կշարունակվեն, նաև աշնանը կշարունակենք Երևանյան լճի, Հրազդանի գետի երկայնքով մաքրությունը շարունակենք:
Սուսաննա Էլիզբարյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակից) - Էս համախմբվածությունը ինձ շատ դուր ա գալիս, որ մեր քաղաքի, Հայաստանի համար ուզում ենք ամեն ինչ անենք, որ մաքուր ապրենք, կենցաղը մաքուր լինի:
Հայաստանն աղբահանության լուրջ խնդիր ունի՝ արձանագրում է նախարար Սանոսյանը, աղբավայրերի մեծ մասը սանիտարական նորմերին չի համապատասխանում: Աղբավայրերի, կոշտ թափոնների կառավարման ծրագրերը, ըստ նրա, որոշակիորեն կլուծեն խնդիրը: Հրազդանում կառուցվում է միջազգային չափանիշներով առաջին մեծ աղբավայրը:
Գնել Սանոսյան - Դրա փորձի օրինակով ամբողջ հանրապետությունում կգնանք այդ ուղղությամբ՝ կամ երկու մարզի համար մեկ, կամ ամեն մեկում մեկ աղբավայր կունենանք՝ փակելով աղբավայրերը: Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 55 աղբավայր կփակենք, այդ օրինակով՝ ամբողջ հանրապետությունը:
Նախարարությունը Հրազդանի կիրճում էր գրեթե ամբողջ՝ 200 հոգանոց կազմով: Երևանի քաղաքապետն ասաց՝ տարածքը Երևանի հանգստի գոտիներից է, քննարկվում է հատուկ կարգավիճակ տրամադրելու հարցը՝ որոշ ժամանակ անց Հրազդան գետի վրա առևտրային օբյեկտների գործունեությունը բացառելու համար:
Կամո Արեյան (Երևանի քաղաքապետի խորհրդական) - Քաղաքի ճարտարապետական զարդն է, ոչ միայն տրանսպորտային կոմունիկացիա: Հարկ է, որ այս կոթողը մնա մաքուր: Աջուձախ նետում ենք, ձեռքից եկածը անխնա նետում են: Ունենան բարոյական, արժանապատիվ պատասխանատվություն իրենց տան հանդեպ:
Սոնա Հայրապետյան (ՀՀ ՏԿԵՆ կոշտ կենցաղային թափոնների կառավարման բաժնի պետ) - Աննկարագրելի ամեն ինչ: Սա ուղղված չպիտ լինի աղբ հավաքելու, պիտի փորձենք աղբ հավաքելու կարիք չունենանք:
Տարածքը մաքրող մեծ խումբը մոտ մեկ ժամում իրենց վստահված հատվածը բերեց սանիտարական պատշաճ վիճակի:
Սոնա Հայրապետյան - Ինչ-որ մեկի խրախճանքից մնացած, ձեռք չենք տվել, երևի չենք էլ ուզում ձեռք տալ:
Հարևան լանջի՝ փոքր-ինչ ռիսկային վայրերը աղբից ազատելու գործը վստահվել էր արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներին: