ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը մասնակցել է հայ-ֆրանսիական ակնաբուժական համաժողովին, որի ժամանակ ներկայացվել է կատարակտի և ցանցաթաղանթի հիվանդությունների ոլորտում միջազգային արդի փորձը, հայաստանյան իրավիճակը, ինչպես նաև ակնաբուժական հմտությունների կատարելագործման հայ-ֆրանսիական դպրոցի աշխատանքը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Դպրոցի ծրագիրը մեկնարկել է այս շաբաթ՝ Գյումրիում, հայ և ֆրանսիացի ակնաբույժների դասախոսությունների շարքով: Ֆրանսիայից ժամանած ակնաբույժներ Մերիլին Նոդարեանը և Սեբաստիան Բրունոն հայ գործընկերների հետ քննարկել են ակնաբուժական առավել բարդ դեպքեր և կատարել վիրահատություններ:
Ծրագրի շրջանակներում Հայկական ակնաբուժության նախագծի Գյումրիի մարզային ակնաբուժական կենտրոնում ցանցաթաղանթի վիրահատությունների սկիզբը դրվել է` այդպիսով Գյումրին դարձնելով Երևանից հետո երկրորդ քաղաքը, որտեղ նման վիրահատություններ կկատարվեն:
Դպրոցի շնորհիվ` երիտասարդ ակնաբույժները եզակի հնարավորություն կստանան իրենց գիտելիքները և հմտությունները զարգացնելու նաև Ֆրանսիայում: Մինչև տարեվերջ նրանք կմասնակցեն Հայաստանի և Ֆրանսիայի ակնաբուժական առաջատար կենտրոնների ակնաբույժների դասընթացներին Հայաստանում, իսկ տարեվերջին արդեն լավագույն երիտասարդ ակնաբույժները Ֆրանսիայում 1 տարի տևողությամբ անվճար վերապատրաստման հնարավորություն կստանան:
Ծրագիրն իրականացվում է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի, «Լումիեր ֆրանսեզ» ասոցիացիայի և Փարիզի համալսարանական-հիվանդանոցային համալիրի՝ AP-HP-ի համագործակցությամբ:
«Հայ-ֆրանսիական համագործակցությունը հնարավորություն է տալիս առավել զարգացնելու ակնաբուժությունը, հատկապես մարզերում և տեղերում ապահովելու ակնաբուժական ծառայությունների հասանելիությունը: Ուրախ եմ նաև նշել, որ այն փորձի փոխանակման նոր հնարավորություններ կտա՝ դառնալով կրթական մի նոր հարթակ»,- ասել է Արմեն Նազարյանը:
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համար առողջապահությունը համագործակցության կարևոր ոլորտներից մեկն է, և մենք աջակցում ենք առողջապահական տարբեր նախագծերի իրականացմանը: Ուրախ ենք տեսնել, որ այս ծրագիրը կենտրոնացած է մայրաքաղաքից դուրս՝ Գյումրիում, և կօգնի մարզային բնակչությանը», - նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն:
«Ես հիացած եմ Հայկական ակնաբուժության նախագծի հետ մեր համագործակցությամբ: Կազմակերպության 30 տարվա հանձնառությունը Հայաստանում և կատարված աշխատանքների որակը մեզ համար արդյունավետ գործունեության գրավականն են։ Հայ ակնաբույժների կատարելագործումը Հայաստանում AP-HP-ի մասնագետների հետ ակադեմիական, բայց նաև կլինիկական դեպքերի և լաբորատոր ուսուցման վերաբերյալ փոխանակման շնորհիվ այս շաբաթ շատ օգտակար անցավ, և այս առաջին հաջողությունն ինձ շատ խոստումնալից է թվում»,- ընդգծել է AP-HP-ի միջազգային կապերի տնօրեն Ֆլորանս Վեբերը:
«Հայկական ակնաբուժության նախագիծն արդեն 30 տարի Հայաստանում իրականացնում է զարգացման տարատեսակ ծրագրեր: Հաշվի առնելով համագործակցող կողմերի նվիրվածությունը և ներուժը՝ լիահույս եմ, որ այս դպրոցն ակնաբուժության ոլորտի հերթական հաջողված ծրագիրը կդառնա», - նշել է «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը: