Հայաստանն անկախացումից ի վեր Վրաստանի հետ սերտ համագործակցություն է ձևավորել գրեթե բոլոր ոլորտներում: Այս մասին այսօր Վրաստանի իր գործընկերոջ` Իլիա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Նա նշեց` ՀՀ-ի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության, երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամենաբարձր մակարդակ:
Միրզոյանը նշեց, որ Վրաստանի ԱԳ նախարարի հետ անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը նվիրված հարցերին, վրաց գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ:
«Ընդգծել եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական դերը ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում: Շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները, Ադրբեջանը, խախտելով եռակողմ պայմանագրի դրույթները, շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Առանձնահատուկ կարևորության խնդիր է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրումն ու ոչնչացումը: Վերջին նման ցավալի օրինակ է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու պղծումը: Վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանխելու համար կարևոր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատողական այցը տարածաշրջան»,- նշեց Միրզոյանը: