ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի ընդունելության ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է՝ երկու երկրների փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ձևաչափերում և դրական մթնոլորտում, ինչը լավ հենք է գործակցության հետագա ընդլայնման համար:
Այսօր, երբ տարածաշրջանային իրավիճակը բավական լարված է, Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար՝ ընդգծել է երկրի ղեկավարը: Վրաստանի արտգործնախարարն էլ նշել է, որ Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ գործակցության խորացմամբ, երկկողմ օրակարգի առաջմղմամբ և ողջունում է այդպիսի ծրագրերը: Հավելել՝ Վրաստանը կարևորում է տարածաշրջանային գործակցության խթանման քայլերը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ հույս է հայտնել, որ Իլիա Դարչիաշվիլիի այցը Հայաստան կլինի արդյունավետ և նոր խթան կհաղորդի միջպետական կապերի ամրապնդմանը:
Անդրադառնալով Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող և «Բարեկամություն» անունը ստացած կամրջի շինարարության աշխատանքներին՝ զրուցակիցները նշել են՝ այն ընթանում է ակտիվ տեմպերով:
Իլիա Դարչիաշվիլիին է ընդունել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ընդգծել՝ Վրաստանի հետ հատուկ բարիդրացիական հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի առաջնահերթություններից է, որն արտահայտված է նաև Կառավարության ծրագրում:
ՎՐԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՍԵՐՏ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ՝ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանն առնչվող հարցեր: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այս նպատակով Հայաստանը քայլեր է ձեռնարկում իր բոլոր հարևանների հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:
Նա հիշեցրել է պաշտոնական Բաքվի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շարունակական խախտումները, նշել՝ այդ գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելուն, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը խափանելուն: Անդրադարձ է եղել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքական պատանդների հարցին:
Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու ազատությունների երաշխավորման առաջնայնությունը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշանակությունը՝ մեծապես կարևորելով խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելը և համարժեք այլ գործողությունների իրականացումը:
Վրաստանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ խաղաղությանը նպաստելու համար Վրաստանը միշտ պատրաստ է սերտ գործակցության և աջակցության:
Վրաստանի իր գործընկերոջը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակն է ներկայացրել նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նա ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն գործում:
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Ցավոք շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները: Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, շարունակում է պատանդ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց:
Նախարարը խոսել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։
Արարատ Միրզոյան - Վերջին նման ցավալի օրինակն է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու պղծումը: Վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանխարգելելու համար, ինչպես և նախկինում, այժմ ևս հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատողական առաքելության այցը տարածաշրջան։
Վրաստանը միշտ աջակցել է Հարավային Կովկասում խաղաղ գործակցությանն ու համակեցությանը: Իր ելույթում նշել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին:
Իլիա Դարչիաշվիլի (Վրաստանի արտաքին գործերի նախարար) - Արագ փոփոխվող աշխարհաքաղաքական միջավայրում կարևոր է ամրապնդել բարիդրացիական հարաբերությունները մեր երկրների միջև, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել նոր մարտահրավերները:
Երկու երկրները գործակցության մեծ ներուժ ունեն առևտրի, զբոսաշրջության, կրթության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում՝ հավելել է Վրաստանի արտգործնախարարը։
Իլիա Դարչիաշվիլի - Կողմերը կաջակցեն տարանցիկ նոր նախագծերին` հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նպատակներն ու խնդիրները։
Հանդիպման վերջում Դարչիաշվիլին Միրզոյանին հրավիրել է Վրաստան` նշելով, որ դա խթան կլինի երկու երկրների հարաբերությունների զարգացման համար։
Դարչիաշվիլին, որն առաջին անգամ է պաշտոնական այցով Հայաստանում, Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան